Վճռաբեկ դատարանը կքննի ՀԱԿ չորս ակտիվիստների բողոքը

Վճռաբեկ դատարանը մայիսի 8-ին կքննի ՀԱԿ ակտիվիստների ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում է www.panarmenian.net կայքը։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ է ընդունել մարտի 21-ին։

Ավելի վաղ դատարանը բողոքը վերադարձրել էր՝ 20-օրյա ժամկետ տալով հայցում առկա թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների հետ ընդհարվելու մեջ։ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյան) 20.07.2012թ. վճռով Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացրել էր մեղադրական վճիռներ։ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նոյեմբերի 13-ին մերժվել է (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան), իսկ դեկտեմբերի 23-ին չորս երիտասարդները դիմել են Վճռաբեկ դատարան։

Տիգրան Առաքելյանը ներկայումս կալանավորված է, իսկ մյուս երեքի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: