ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատաքննությունը նոր ապացույցներ ի հայտ չբերեց

2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետում հրազենային վիրավորումից մահացած Արտակ Նազարյանի գործով դատավարության ապրիլի 12-ի նիստին շարունակվեց պաշտպանական ճառերի լսումը։
Ծավալուն ճառով հանդես եկան քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը:
Հիշեցնենք, որ մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդել էր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին դատապարտել 13 տարվա ազատազրկման։
Պաշտպանները հայտարարեցին, որ մեղադրողի ճառը բովանդակային և ապացուցողական մասով հիմնականում արտագրված էր մեղադրական եզրակացությունից, այն չէր բխում գործի ամբողջ տվյալներից: «Տպավորություն ստեղծվեց, որ դատական քննության ընթացքում նոր ապացույցներ կամ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, և մեկ տարի ութ ամիս տևող դատական քննությունը ժամանակի անիմաստ վատնում է եղել»,– նշվեց պաշտպանական ճառում:
Անդրադառնալով նախաքննության և դատաքննության ընթացքում կատարված խախտումներին՝ պաշտպաններն ասացին, որ եթե լիարժեք քննություն կատարվեր, դատարանն ուշադրություն դարձներ իրենց կողմից ներկայացված միջնորդություններին և դիտարկեր գործից բխող հնարավոր բոլոր վարկածները, ապա քրեական գործն, անկասկած, այլ ելք կունենար:
Պաշտպանների կարծիքով՝ Հակոբ Մանուկյանին մեղսագրված մի քանի հանցանքները բավարար ապացույցներով հաստատված չեն։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360 (զինծառայողին վիրավորանք հասցնելը), 365 (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հոդվածներով և 375 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել) պետք է կայացվի արդարացման վճիռ։
Նրանց խոսքերով՝ Մանուկյանը պետք է մեղավոր ճանաչվի միայն ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)՝ Արտակ Նազարյանի մահվանից 9 օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը հաստատված համարի Քրեական օրենսգրքի 360 և 365 հոդվածներով Մանուկյանին մեղսագրված արարքները, ապա դրանք ենթակա են կարճման՝ համաձայն ՀՀ Ազգային ժողովի 2011թ. մայիսի 20-ի համաներման որոշման։
Դատական ռեպլիկների փուլում պաշտպան Հրանտ Գևորգյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ վկաների ցուցմունքներն անթույլատրելի ապացույցներ են, քանի որ կորզվել են ճնշումների և ապօրինի ազատազրկման միջոցով։
Դիմելով մեղադրողներին՝ պաշտպանը հայտարարեց. «Դուք դատարան եք բերել կես, օժանդակ վարկածով գործ, դուք չեք կարող պատասխանել այն հարցին՝ Նազարյանը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան է եղել։ Եթե նրան ինքնասպանության են հասցրել, ո՞վքեր են դա արել՝ 2010թ. հուլիսի 27-ի՞ն, թե՞ հուլիսի 19-ին նրա հետ շփվածները»,– նշեց նա՝ դատարանից պահանջելով վերսկսել գործի դատաքննությունը:
Ռեպլիկներով հանդես եկան նաև մյուս կողմերը։
Քրեական գործով ամբաստանյալներից չորսն իրենց վերջին խոսքում հայտնեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում և դատարանից պահանջեցին իրենց նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 23-ին։ Այդ օրը իր վերջին խոսքը կասի մյուս ամբաստանյալը՝ «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, որից հետո դատավոր Սամվել Մարդանյանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Ոսկան Սարգսյան
