ՀՔԾ պետի վարքագիծը համապատասխանո՞ւմ է էթիկայի կանոններին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն մարտի 21-ին դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և խնդրում է քննության առնել ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսևորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին:

Կազմակերպությունը գտնում է, որ ՀՔԾ պետը կոպտորեն խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված էթիկայի կանոնները: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունից։

Խնդիրը վերաբերում է ԹԻ ՀԿ-ում պրակտիկա անցնող ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Էսմաելիի հարցաքննությանը, ով ՀՀ նախագահի ընտրությունների օրը թիվ 17/5 ընտրական տեղամասում եղել է դիտորդ և ցուցմունքներ է տվել այդ տեղամասում կատարված ընտրախախտումների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին թիվ 17/5 ընտրական տեղամասում ԹԻ ՀԿ-ում պրակտիկա անցնող, ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Էսմաելին դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անունից: Նշված տեղամասում քվեատուփի լցոնման փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, որով Նարինե Էսմաելին հանդես է գալիս որպես վկա:

2013թ.-ի մարտի 1-ին Նարինե Էսմաելիի և հանձնաժողովի քարտուղարի միջև առերես հարցաքննության ժամանակ, քննչական գործողությունը ձայնագրելու օրինականության շուրջ վիճաբանություն է ծագել Նարինե Էսմաելիի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի և գործով քննիչ Հովակիմյանի միջև:

«Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի արգելում վկայի հարցաքննության ժամանակ ձայնագրառում կատարելը, այդուհանդերձ, քննիչը թույլ չի տվել փաստաբանին ձայնագրելու առերեսումը: Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս մտել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով բարձրաձայն գոռգոռալով, վկայի և նրա ներկայացուցչի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, արգելել է ձայնագրություն կատարել և կարգադրել է քննիչներից մեկին (սենյակում ներկա են եղել հինգ քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարան: Այնուհետև, չսպասելով իր կարգադրության կատարմանը, Տիգրան Եգորյանի ձեռքից կոպտորեն խլել է ձայնագրիչը և նետել պահարանի մեջ: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ այդ ընթացում ինչ-որ մեկը հաջողացրել է ջնջել ձայնագրությունը»,– ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ–ները միջադեպի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ՀՔԾ–ի և նրա ղեկավարի վարքագիծը, որին արձագանքել է Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ այդ գործողությունները եղել են իրավաչափ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածով նման իրավունք փաստաբանին վերապահված չէ, և նման գործողությամբ կարող է խախտվել՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության սկզբունքը»,– մեկնաբանել է ՀՔԾ–ն մարտի 6-ին տարածած հայտարարության մեջ։

ՀՔԾ պետի գործողությունները, ըստ նույն աղբյուրի, եղել են հետևյալը։ Անդրանիկ Միրզոյանը, տեղեկանալով միջադեպի մասին, մտել է քննիչի աշխատասենյակ։ Փաստաբանի պատճառաբանությունները լսելուց հետո նրան առաջարկել է մեկ անգամ ևս ընթերցել ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և վկայի հարցաքննությանը ներկա գտնվող փաստաբանի իրավունքները, պահանջել է չխոչընդոտել քննչական գործողության կատարմանը և դադարեցնել ձայնագրառումը։ Ապա հեռացել է աշխատասենյակից, որից հետո քննչական գործողությունը շարունակվել է։

«Բացարձակ սուտ է հասարակական կազմակերպությունների հայտարարությունում հնչեցրած այն պնդումը, թե քննչական գործողության ընթացքում քննիչի կողմից պարբերաբար ճնշում է գործադրվել վկայի նկատմամբ՝ փորձելով թույլ չտալ նրան ցուցմունքում ներկայացնելու ընտրատեղամասում տեղի ունեցածի ճիշտ պատկերը, և իբրև ձայնագրառումն անհրաժեշտ է եղել ապօրինի քննչական գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար»,– ասված է հայտարարության մեջ։

Հատուկ քննչական ծառայության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատը Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հակադարձում է, որ ՀՔԾ մատնանշած քրեադատավարական նորմերը (Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 201 և 206) չեն պարունակում դրույթներ քննչական գործողությունը ձայնագրելու արգելքի մասին:

ԹԻ ՀԿ հաղորդագրության մեջ հղում է արվում հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին, այդ թվում` «հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս» («Հանրային ծառայության մասին» օրենք, հոդված 28, մաս 3, կետ1, 3,4,5):

Կազմակերպությունը գտնում է, որ ՀՔԾ պետի վարքագիծը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որը վտանգում է նաև հարգանքի և վստահության ձևավորմանը նրա ղեկավարած մարմնի նկատմամբ, մասնավորապես՝ ընտրախախտումների գործերի օբյեկտիվ քննության և բացահայտման առումով: