ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախագահի նախկին թեկնածուն կալանավորվել է
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված սպանության փորձը պատվիրելու համար։ Մարտի 5-ի ուշ երեկոյան դատարանը բավարարել է Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել նախընտրական քարոզչության շրջանում՝ հունվարի 31-ի գիշերը։
Սպանության փորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ԱԱԾ–ն ձերբակալել էր Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին, ովքեր մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել էին ինքնախոստովանական ցուցմունքներ։
Ավելի ուշ պարզվեց, որ երկու մեղադրյալները կապ ունեն իրեն էպոսագետ համարող թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ. վերանորոգել են նրա բնակարանը, բաժանել քարոզչական նյութերը։
Դրանից հետո թեկնածուն մամուլի ասուլիսներից մեկում կանխատեսել էր իր կալանավորումը։
Մարտի 5-ին Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար (պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ):
Նույն օրը խուզարկվել է նրա բնակարանը, գրասենյակը, մեքենաները։ Այնուհետև Սեդրակյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն, որից հետո ԱԱԾ միջնորդությամբ դատարանը նրան երկու ամսով կալանքի վերցնելու որոշում է կայացրել:
Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը լրատվամիջոցներից մեկին փոխանցել է, որ կալանավորման որոշումը կայացվել է դռնփակ դատական նիստի ընթացքում, Սեդրակյանը չի ընդունել իրեն վերագրվող մեղադրանքը և ցուցմունք չի տվել:
