Նախագահի թեկնածուի ակտիվիստներին ծեծելու հաղորդմանը ընթացք է տրվել

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կամավորներին ծեծելու ահազանգի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

Փետրվարի 13-ին, ժամը 16:30-ին ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժին է զանգահարել 1987թ. ծնված Դանիել Ի.-ն և հայտնել, որ Արզումանյան 12 հասցեում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել:

Ոստիկանության բաժին հրավիրված Արման Ղ.-ն հաղորդում է տվել, որ ինքը ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կամավոր է և ընկերոջ՝ Կամո Ա.-ի հետ փետրվարի 13-ին թռուցիկներ է բաժանել Արզումանյան փողոցում։ Շենքերից մեկի մոտ Կամո Ա.-ն, վերցնելով մուտքում դրված ցախավելը, սկսել է ավլել, ինչի կապակցությամբ էլ շենքի բնակիչներից Սարգիս Կ.-ն նկատողություն է արել նրան: Վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Սարգիս Կ.-ն ձեռքով հարվածել Արման Ղ.-ին և Կամո Ա.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ փետրվարի 14-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 24 դեպք, որից 1-ը անհիմն լինելու պատճառով թողնվել է անհետևանք, 2–ի վերաբերյալ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3–ը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում է, իսկ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: