ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Նաջարյանը փոշմանել ա». Հայրիկյանը դիմումը հետ վերցրեց

ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր՝ փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու իր
դիմումը։ ՍԴ–ն դեռ չէր քննարկել դիմումը վարույթ ընդունել–ընդունելու հարցը։
Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Հայրիկյանը պատճառաբանել
է, որ ՍԴ է դիմել «համենայն դեպս», որովհետև փետրվարի 10-ը դիմելու վերջին օրն էր և
«տագնապ կար, եթե հանկարծ պետք լինի, դու այլևս չես կարող»։
«Արդեն վերջնական որոշումն եմ ընդունել` մենք ընտրությունների
օրը չենք փոխում: Ելակետս մնում է նա, որ եղել է ամենասկզբում, որ մենք չպետք է թույլ
տանք, որ որևէ ստահակ ազդի մեր ժողովրդավարական գործընթացների վրա: ...Ես լրացուցիչ
ծախսեր էլ չեմ պատճառի պետությանը: Այստեղ միակ տուժողը ես եմ, թող այդպիսի բաներում
էլ տուժեմ, դա մանրուք է»,– մեկնաբանել է նախագահի թեկնածուն:
Վերջին 10 օրերի ընթացքում Պարույր Հայրիկյանը մի քանի անգամ փոխել է ընտրությունները
հետաձգելու վերաբերյալ իր որոշումը։ Մահափորձի հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ, առողջական վիճակից ելնելով, ստիպված կլինի օգտվել ընտրությունները հետաձգելու իր սահմանադրական իրավունքից։ Ավելի ուշ ասել էր, որ դեռ մտածում
է՝ դիմե՞լ, թե՞ ոչ, և շուտով կհրապարակի իր որոշումը։ Փետրվարի 5-ին հրավիրած ասուլիսի
ժամանակ նա հայտարարեց, որ թեև իր համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել, բայց առայժմ չի օգտվի օրենքով
իրեն ընձեռնված հնարավորությունից։ ՍԴ դիմելու վերջին օրը՝ փետրվարի 10-ին, նա, այնուամենայնիվ, ընտրությունները
երկու շաբաթով հետաձգելու դիմում
ներկայացրեց, բայց մեկ օր անց հետ վերցրեց դիմումը։
Հավելենք, որ թեկնածուն այլևս չի կարող փոշմանել, որովհետև Սահմանադրական
դատարան դիմելու ժամկետն ավարտվել է։
