ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու դիմում ներկայացրեց ՍԴ

ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը փետրվարի
10-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումով։
Հունվարի 31-ի մահափորձի հաջորդ
օրը տված հարցազրույցի
ժամանակ նա ասել էր, որ, առողջական վիճակից ելնելով, ստիպված կլինի օգտվել ընտրությունները
հետաձգելու իր սահմանադրական իրավունքից։ Բայց ավելի ուշ հայտարարեց,
որ թեև իր համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել, բայց առայժմ չի դիմի Սահմանադրական
դատարան։
Դիմումը հանձնելուց առաջ Հայրիկյանը լրագրողներին
ասաց, որ ժամանակին որոշել էր ՍԴ չդիմել, քանի որ կարծում էր՝ շուտ կապաքինվի, բայց իր դեմ կատարված մահափորձի հետևանքով
հիվանդանոցում անցկացրած օրերը համարում է կորցրած, ինչն էականորեն ազդել է իր վարկանիշի վրա:
«Այս դեպքը, եթե կան մարդիկ, որ կարծում են՝ նպաստեց, պիտի ասեմ, որ այդպես չէ։ Ընդհանրապես, երբ դու որևէ աշխատանքի համար վարպետ ես փնտրում, երբ տեղեկանում ես, որ այդ վարպետդ վատառողջ է, նրանից հրաժարվում ես։ Այնպես որ, կատարվածը գուցե իմ մասին խոսակցություններին նպաստեց, բայց իմ՝ որպես նախագահի թեկնածու վարկանիշին չնպաստեց», - կարծում է նախագահի թեկնածուն։
ՍԴ դիմելուց մեկ օր առաջ նա բաց նամակ է հրապարակել Ֆեյսբուքի
իր պաշտոնական էջում, որով կոչ է անում ընդդիմադիր թեկնածուներ
Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին միանալ իրեն և ընտրություններին հանդես գալ
մեկ թեկնածուով՝ նշելով, որ սա իրենց բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն
է։
Պարույր Հայրիկյանը դիմումը հետ կվերցնի միայն մեկ դեպքում՝ եթե առաջիկա երկու օրերին ընդդիմադիր թեկնածուները միավորվեն։
«Եթե կայանա մեր այդ համագործակցությունը, այդ դեպքում ես, հաշվի առնելով այն դժվարությունները, որ հետաձգման պատճառով պիտի առաջանան, կարող է համարեմ, որ իմ անհավասար մասնակցությունը ընտրապայքարին փոխհատուցվում է նրանով, որ ես այս պահից թիմով եմ ներկայանալու»,- փետրվարի 10-ին ՍԴ առջև այպիսի կարծիք է
հայտնել նա՝ միաժամանակ ասելով, որ միավորվելու իր կոչին որևէ արձագանք չի եղել և
«լավատեսություն ներշնչող շատ քիչ բան կա»։
ՍԴ ներկայացված դիմումը կուսումնասիրվի
և վարույթ կընդունվի 24 ժամվա ընթացքում, որից հետո չորս օրվա ընթացքում կքննվի և ընտրությունները
հետաձգելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի: Հայրիկյանի փաստաբանը պարզաբանել է, որ օրենքը հնարավորություն
է տալիս դիմումը հետ վերցնել թե՛ մինչև գործը վարույթ ընդունելը և թե՛ դատաքննության
փուլում։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին
մահափորձ էր կատարվել
նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ։ Փաստի առթիվ հարուցվել է
քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին ԱԱԾ–ն Հայրիկյանի
նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել է երկու անձանց,
ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ:
