ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երկու զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 18-ին, ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հինգ օր բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Իսկ հունվարի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով տեղում մահացել է։ Գևորգյանի հետ մեքենայում եղած կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ և գտնվում է Վայքի հիվանդանոցում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Պաշտպանության նախարարությունը ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին։
