«Մատաղիսի» գործով տուժողներից մեկը վերաքննիչ բողոք է ներկայացրել

2003թ.-ին Մատաղիսի զորամասում սպանված երկու զինվորներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդները հունվարի 11-ին դիմել են Վերաքննիչ դատարան: Նրանք բողոքարկում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի վճիռը, որով արդարացվեցին գործով երեք մեղադրյալները՝ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը։ 

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում միայն Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքն էր, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով: Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ 2004թ. ապրիլի 19-ին՝ առաջին անգամ որպես վկա հարցաքննվելիս, ինքը զինվորական դատախազության քննիչների կողմից մի քանի օր շարունակ ենթարկվել է դաժան ծեծի , հոգեբանական ճնշումների և սպառնալիքների, որի արդյունքում ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կատարել է հանցագործությունը և որպես հանցակից նշել է Սերոբյանին և Զալյանին: Վերջիններս նույնպես հայտարարել են հարցաքննությունների ժամանակ քննիչների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին, սակայն երբեք իրենց մեղավոր չեն ճանաչել:

2005 թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով:

Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ 2006 թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել է ցմահ ազատազրկման: Սակայն 2006 թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը վճիռը բեկանել է և գործն ուղարկել նոր քննության՝ պահանջելով ազատել մեղադրյալներին:

Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին նոր մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որը հանգեցրել է մահվան և 2008 թ. մայիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն գործով նոր դատաքննություն է սկսել։

Մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց՝ ապացույցների անբավարարության հիմքով, որի հետ համաձայն չեն Ռոման Եղիազարյանի հարազատները: Նրանք համոզված են, որ Ռոմանի սպանության մեջ մեղավոր են արդարացված երեք տղաները, մինչդեռ սպանված մյուս զինվորի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողները մեղադրյալներին անմեղ են համարում:

«Դատական նիստերին ներկա գտված մի մարդ անգամ չկար, որի մոտ կասկածներ լինեին, որ տղաները մեղավոր են։ Մի մարդու մեջ միայն կասկած մնաց՝ տուժողներից մեկի մոր, ով գրեթե չէր գալիս դատական նիստերին»,– www.hra.am –ին ավելի վաղ ասել է Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի և Մուսա Սերոբյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա պնդում է, որ Ռազմիկ Սարգսյանը ինքնախոստովական ցուցմունք է տվել խոշտանգումների արդյունքում։ «Այս գործով մենք ունեցել ենք երկու տարբեր մարդկանց՝ իրար բացառող ցուցմունքներ։ Երկու դեպքում էլ ունեցել ենք խոստովանական ցուցմունք։ Պարզ է, որ վարկածներից առնվազն մեկը պետք է սխալ լինի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պիտի արած լինեն խոստովանողի հետ, որպեսզի իր վրա վերցնի երկու հոգու սպանություն, որը չի արել»,– իր ասածն այսպես է հիմնավորում փաստաբանը։

Գործով երեք մեղադրյալների նախկին պաշտպան Զարուհի Փոստանջյանը ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո խոշտանգումների և ապօրինի կալանքի մասով գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ալումյանի խոսքերով՝ շուտով Եվրադատարանը որոշում կկայացնի՝ խոշտանգումներ եղե՞լ են, թե՞ ոչ։