ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների թվի աճի պատճառները

2013 թ. հունվարի 6-ի դրությամբ՝ Հայաստանում ընտրողների նախնական թիվը 2 միլիոն 510 հազարից ավելի է՝ 25 հազարով ավելի, քան ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։
Ընտրողների թվի ավելացումը Ոստիկանությունը պարզաբանում է նրանով, որ անցած ութ ամիսների ընթացքում 60.000–ից ավելի քաղաքացի է ընդգրկվել է ընտրացուցակներում՝ նոր հաշվառման, 18 տարին լրանալու, առաջին անգամ անձնագրավորվելու, զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ (միայն 18 տարին լրանալու կապակցությամբ` մոտ 30.000 ընտրող):
Միևնույն ժամանակահատվածում մահվան, սեփականատիրոջ դիմումի, զորակոչվելու, ինչպես և այլ հիմքերով հաշվառումից հանվել է 35.000–ից ավելի քաղաքացի (միայն մահվան հիմքով` մոտ 15.000 ընտրող):
Ոստիկանությունը հիշեցնում է նաև, որ ընտրողների ռեգիստրում հաշվառված անձանց և ՀՀ–ից մշտապես մեկնողների թվերի միջև անմիջական կապ գոյություն չունի։ Օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնող ՀՀ քաղաքացիներն իրենք պետք է դիմեն հյուպատոսական մարմիններ՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու դիմումով, ինչը չեն անում։
Այդ քաղաքացիներին հաշվառումից մեխանիկորեն հանելու ո՛չ տեխնիկական, ո՛չ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն, նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:
