ՀՀ նախագահի ընտրություններին կմասնակցի ութ թեկնածու

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված 15 թեկնածուներից 7–ը ընտրապայքարից դուրս մնացին 8 միլիոն ՀՀ դրամ ընտրագրավը չմուծելու պատճառով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 8-ի արտահերթ նիստում որոշել էր քաղաքացիներ Մհեր Հայրապետյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Պավլիկ Սարգսյանին, Նարինե Մկրտչյանին, Արամ Հարությունյանին, Ռուբեն Այվազյանին, Ռոբերտ Ահարոնյանին և Տարոն Աբրահամյանին լրացուցիչ ժամանակ տալ գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաuտաթղթերը ներկայացնելու համար: Սահմանված ժամանակահատվածում միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն է ներկայացրել պակասող փաստաթուղթը՝ 8 միլիոն դրամ ընտրագրավի անդորրագիրը:

Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը հայտարարել է, որ իր համար 8 միլիոն դրամը խնդիր չէ, պարզապես ինքը հետ է կանգնել նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից։ Իսկ Ռոբերտ Ահարոնյանը, ով ներկայանում է որպես անկուսակցական սոցիալիստ, իր համակիրների շնորհիվ հավաքել է ընտրագրավը, սակայն չի մուծել՝ այն համարելով անիմաստ ծախս։

Այսպիսով՝ ՀՀ նախագահի պաշտոնի հավակնորդներն են՝ գործող նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը և անկուսակցական, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: