Խոշտանգումների կանխարգելման համար պետբյուջեից գումար չհատկացվեց

Դեկտեմբերի 6-ին Կարեն Անդրեասյանը հայտարարություն
է տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ 2013թ. պետբյուջեում
այդպես էլ չներառվեց Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման
փորձագիտական խորհրդի գործունեության համար պահանջվող 11 մլն դրամի հավելումը։

«Պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանին
անհրաժեշտ ֆինանսավորում չապահովելը ոչ միայն չի նպաստում մարդու իրավունքների պաշտպանության
վիճակի բարելավմանը Հայաստանում, այլև՝ ակնհայտորեն բացասաբար է անդրադառնում ՀՀ հեղինակության
վրա միջազգային տարբեր ատյաններում»,– նշում է Կարեն Անդրեասյանը՝ հավելելով որ այդ
գումարը ծայրահեղ անհրաժեշտ էր Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների
կատարման և փակ հաստատություններում խոշտանգումների ու բռնությունների կանխարգելման
համար։

Պաշտպանի հայտարարության համաձայն՝ ՄԻՊ տարեկան բյուջեն 176 մլն դրամ է, մինչդեռ միայն Կառավարության գործունեության գնահատման հետազոտություն
իրականացնելու համար
2013թ. բյուջեից 106 մլն դրամ է հատկացված։

Անդրեասյանը նշում է նաև, որ ի հեճուկս ՀՀ
Կառավարության վերաբերմունքի, իրենք շարունակելու են ակտիվորեն աշխատել։ «Հայտնում
եմ իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունը և ակնկալում, որ 2014 թվականի բյուջեն
էականորեն կտարբերվի մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրած իր առաջնահերթություններով»,–
ամփոփում է պաշտպանը։