ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Բանդան կանխորոշեց ընտրությունների ելքը». թեկնածուն կբողոքարկի

«Իմ վստահված անձինք և հանձնաժողովի անդամները զրկված են եղել ընտրության ընթացքը վերահսկելու իրավունքից։ Ժամանակից շուտ ցնդող թանաքների պատճառով հնարավոր չի եղել վերահսկել և բացառել կրկնակի քվեարկությունը»,– Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ այս և այլ խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Նա պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, այնուհետև՝ Եվրադատարան։
Դեկտեմբերի 2-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների մի հատվածն ընդգրկող թիվ 1 ընտրատեղամասում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը։ Նախնական արդյունքներով` նա ստացել է 18.805 ձայն, «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը՝ 3680, իսկ ինքնաառաջադրված թեկնածու Էդուարդ Պետրոսյանի օգտին քվեարկել է 461 ընտրող:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը խիստ բացասական է գնահատում տեղի ունեցած ընտրությունները։
«Այն, ինչ տեղի ունեցավ թիվ 1 ընտրատարածքում, ցույց է տալիս, որ ընտրական գործընթաց մեզ մոտ, որպես այդպիսին, չկա։ Ընտրությունները կազմակերպվեցին այնպես, որ քաղաքացին ոչ թե ընտրում էր Ռոբերտ Սարգսյանին կամ ՀՀԿ թեկնածուին՝ հաշվի առնելով նրա կարողությունները, կատարած աշխատանքը, քաղաքական կամքը, ծրագրերը, այլ՝ անհայտ մեկին՝ ընդամենը իմանալով, որ նա քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարեկամն է»,– ասում է Մարտիրոսյանը։
Նախընտրական շտաբի պետը նույնիսկ զավեշտալի օրինակ է բերում, երբ ընտրատեղամասում ընտրողները հարցնում էին՝ «Տարոնի աներձագը ցուցակում ո՞ր համարն է»։
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ կատարվածը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացն արմատական փոփոխությունների կարիք ունի, և չպետք է թույլ տալ, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվի բարեկամական–կլանային կապերով՝ ընտրակեղծիքների հաշվին։
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այս ընտրությունները եզակի էին այն առումով, որ հաղթեց ոչ թե «օլիգարխ կամ կրիմինալ», այլ «պլակատ»։
«Եթե Ռուբեն Հայրապետյանի օգտին գործում էր միայն իր անձնական ռեսուրսը և թաղի վարչական ռեսուրսը, այս ընտրությունների ժամանակ մոբիլիզացվել էր ամբողջ քաղաքապետարանի ռեսուրսը, բոլոր թաղապետերը, դպրոցների և մանկապարտեզների աշխատողները, ծախսերը եղել են չափազանց տպավորիչ... Բայց նույնիսկ այսպիսի թանկարժեք ծախսերի դեպքում և բոլոր վարչական ռեսուրսներն օգտագործելով կարողացել են ընդամենը 20 տոկոս ձայն հավաքել»,– ընդդիմադիր գործիչը սա ծիծաղելի և իշխանությունների համար մտահոգիչ արդյունք է համարում։
Ստեփան Սաֆարյանն ասում է, որ խնդիրն անձնական հարթության վրա չի դիտարկում և երբեք չի տառապել ԱԺ պատգամավոր դառնալու մոլուցքով։ Նա պարզապես մտահոգված է, որ ընտրական համակարգը խեղաթյուրվել է։
«Արդեն վերջին օրերին պարզ էր, որ հաղթանակի խնդիր լուծել հնարավոր չէ, որովհետև բանդան, որը կազմված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ընտրատարածքային հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, թաղապետարաններից, թաղի խուժանից, դպրոցի և մանկապարտեզների տնօրեններից, կանխորոշել է ընտրությունների ելքը»,– ասում է նա՝ հավելելով, որ իր բոլոր դիմումները ԿԸՀ–ն մերժել է։
Ստյոպա Սաֆարյանը Սահմանադրական դատարանում բողոքարկելու է ընտրության արդյունքները և ներկայացնելու է փաստեր, որոնք մասշտաբային են եղել և էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա։
Պատգամավորի թեկնածուն ընտրություններից առաջ դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով կիրառել չցնդող թանաքներ, ինչպես դա արվեց մայիսի 6-ին։ Հանձնաժողովը մերժել էր դիմումը, որը բողոքարկելու հնարավորություն չէր ունեցել վարչական դատարանի փակ լինելու պատճառով։
«Դիմելու եմ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միայն այն փաստը, որ ես զրկված եմ եղել դատական կարգով պաշտպանելու իմ իրավունքները և բողոքարկելու այն որոշումները, որոնք բողոքարկելու իրավունք ունեմ, բավարար են ՄԻԵԴ–ում հաղթելու համար»,– նշում է Սաֆարյանը։
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, ով ընտրությունների օրը 1/07 ընտրատեղամասում Սաֆարյանի վստահված անձն է եղել ասում է. «Իսկապես, դա թատրոն էր և ֆարս էր, և շատ տխուր թատրոն էր, որովհետև, ցավոք, այդ թատրոնի դերակատարը մեր ժողովրդի մի մասն էր»։
Վստահված անձը նկատել է, որ ցնդող կնիքները հենց ընտրատեղամասում են ցնդում, և երբ ցանկացել է որպես խախտում արձանագրել, հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ արձանագրությունների մատյանը չի տա։ Ստեփան Սաֆարյանն էլ հավելում է, որ խախտումներն արձանագրել հաջողվել է միայն այն տեղամասերում, որտեղ ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և ԲՀԿ–ի ներկայացուցիչները օրենքի տառին են հետևել։
Սուսաննա Մուրադյանը տեսել է, թե ինչպես են ընտրողներին տաքսիներով, երթուղայիններով բերում ընտրատեղամաս, որտեղ մի երիտասարդ՝ Էդմոն անունով, ցուցումներ է տվել բոլորին։ «Նա այդ ամենը անում էր բացահայտ, չնայած ես պարբերաբար դուրս էի գալիս, բայց դա չէր կաշկանդում նրան։ Առավոտյան արդեն հերթ էր գոյացել։ Ցուցակներով մտնում էին ներս, ներսում էին ցուցումներ տալիս... Բերում էին հոգեկան խնդիրներով մարդկանց 20-հոգանոց խմբեր, ովքեր չէին էլ հասկանում, թե ուր են եկել։ Մեկն էլ բղավում էր, որ ինքը նախագահն է»,– վստահված անձին, սակայն, նշված խախտումները մատյանում արձանագրելու հնարավորություն չեն տվել։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու որոշում կայացվեց այն բանից հետո, երբ տվյալ ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի դեպքից հետո վայր դրեց մանդատը։
