Ցմահ ազատազրկվածների գործերի վերանայմանն ուղղված քայլեր չեն արվում

2012 թ. նոյեմբերի 21-22-ին Երևանում տեղի ունեցավ «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» միջազգային համաժողովը: Համաժողովի շրջանակներում քննարկվեցին ցմահ բանտարկյալների առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական այլ երկրներում:

Առանձին ուշադրությանն արժանացան ցմահ դատապարտյալների գործերի վերանայման հետ կապված խնդիրները, ինչպես նաև՝ նախկինում մահապատժի դատապարտված, իսկ 2003թ. օգոստոսի 1-ի ՀՀ Նախագահի հրամանագրով ներում ստացած դատապարտյալների գործերը, որոնց պատիժը հրամանագրով փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Մասնակիցները ընդգծեցին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության և դրա կիրառման արդյունավետ մեխանիզմի անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտյալների ազատման նախապատրաստական աշխատանքների անցկացման կարևորությունը:

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ գտնվում են 104 ցմահ ազատազրկվածներ։ Բոլորը տղամարդիկ են, որոնցից վեցը մինչև 25 տարեկան, մեկը՝ 65 տարեկանից բարձր է: ՀՀ Քրեական օրենսգրքի 76 (5) հոդվածի համաձայն, «Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին»:

Նշենք, որ Եվրոպայում ազատազրկման ամենաերկար նվազագույն ժամկետը, որից հետո նոր ցմահ դատապարտյալը կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման, Էստոնիայում է և կազմում է 30 տարի: Հատկանշական է, որ ՀՀ անկախության տարիներին դեռ ոչ մի ցմահ ազատազրկված վաղաժամկետ չի ազատվել։ Դատապարտյալներից մի քանիսը մահացել են անազատության մեջ:

Համաժողովին ներկայացվեց նաև Մեծ Բրիտանիայի Անմեղության ծրագիրը (Innocence project): Ծրագրի շրջանակներում մեղքը չընդունած դատապարտյալներին հնարավորություն է տրվում անցնել ԴՆԹ թեստ և կատարվում է առկա ապացույցների նոր հետազոտություն՝ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մեծ Բրիտանիայի Անմեղության Ցանցի հիմնադիր Մայքլ Նոթոնը նշեց, որ դատապարտվածների մոտ 30% դատական սխալի զոհ են և դատապարտվել են իրենց կողմից չկատարված հանցագործությունների համար։ Նրա խոսքերով՝ այդ գործերի 20% դեպքում նրանք դատապարտվել են միայն ոստիկանության ինֆորմատորների (ոստիկանության հետ սերտ համագործակցություն ունեցող անձանց) կողմից տրված ցուցմունքների հիման վրա:

Անմեղության ծրագրի շրջանակներում ընտրված գործերով անց է կացվում փաստաբանական քննություն, հավաքվում և վերլուծվում են դատաքննության ժամանակ օգտագործված և չօգտագործված բոլոր ապացույցները, հարցաքննվում են վկաները, հետազոտվում են ապացույցների գնահատման նոր մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում ապացուցել դատապարտյալի անմեղությունը: Այնուհետև ամբողջ փաթեթը հանձնվում է համապատասխան իրավասու մարմնին` դատավճիռը վերանայելու համար:

Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մահապատժի կամ այլ ծանր պատժատեսակի դատապարտված անձինք Անմեղության ծրագրի միջոցով արդարացվել են տարիներ անց, այդ թվում` ԴՆԹ թեստի արդյունքների շնորհիվ:

Հետագայում ԴՆԹ թեստի անցկացման հնարավորության համար անհրաժեշտ է պահպանել գործով առկա կենսաբանական ապացույցները՝ անկախ բոլոր հանգամանքներից։

Համաժողովի ժամանակ նշվեց նաև ցմահ ազատազրկվածների ռեսոցիալիզացիային ուղղված ծրագրերի մշակման և կիրառման անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ պայմանական վաղաժամկետ ազատվածները կռեաբիլիտացվեն և կնախապատրաստվեն վերադարձին հասարակություն:

2010թ. ցմահ ազատազրկվածները պատրաստել են զեկույց, որտեղ նշել են իրենց հուզող հիմնախնդիրների մասին։ Նրանք կարևորել են զբաղվածության ապահովումը (աշխատանք, զբոսանք, արվեստով կամ սպորտով զբաղվելու հնարավորություն), գրադարանի և համակարգիչների առկայության անհրաժեշտությունը և առաջարկել համապատասխան պայմաններ ապահովել:

Ցմահ ազատազրկվածները նաև նշել են, որ մերձավոր հարազատների հետ շփման սահմանափակ հնարավորությունները, ազատազրկվածներից մեկի կատարած խախտման պատճառով կոլեկտիվ պատիժների կիրառումը, նամակագրության գրաքննությունը և այլ սահմանափակումները խիստ բացասական են անդրադառնում ազատազրկվածների հոգեկան վիճակի վրա:

Զեկույցում ցմահ դատապարտյալները կոչ են արել առանձնացնել ցմահ դատապարտյալների գործերով զբաղվող վարչակազմը և նրան օժտել կանխատեսելի գործիքներով:

Համաժողովի զեկուցողները նույնպես նշեցին ազատազրկվածների զբաղվածության խնդիրը, ինչը նրանց զրկում է գումար վաստակելու և դատարանի կողմից տուժողի օգտին նշանակված փոխհատուցումը վճարելու հնարավորությունից: Ազատազրկվածները կարծում են, որ փոխհատուցման չվճարումը կարող է հետագայում պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումը քննարկելիս մերժման հիմք հանդիսանալ:

Մասնակիցներից շատերը ցավով նշեցին, որ թեև ՀՀ նախագահը խոստովանում է, որ այսօր Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա, այնուամենայնիվ, ցմահ ազատազրկվածների հիմնախնդիրների լուծմանը կամ վերջիններիս գործերի վերանայմանն ուղղված ոչ մի լուրջ քայլ ՀՀ իշխանությունների կողմից չի նախաձեռնվում:

Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Աննա Մելիքյան