ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պրոբացիայի կիրառումը՝ այլընտրանք ազատազրկմանը

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է մեծ մասամբ կալանավորումը, իսկ որպես պատիժ՝ ազատազրկումը, մինչդեռ պրոբացիոն ծառայությունն ավելի քիչ ծախսատար է ու ավելի արդյունավետ՝ իրավախախտի ուղղման տեսանկյունից։
Նոյեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ստեղծման խնդիրներն ու առանձնահատկությունները» հետազոտության շնորհանդեսը: Հետազոտությունն իրականացվել է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի» համաձայն՝ Արդարադատության նախարարության ներքո պետք է ստեղծվի Պրոբացիոն ծառայություն՝ որպես քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին քրեական արդարադատություն իրականացնող մարմին:
«ՀՀ–ում պրոբացիայի ծառայության ստեղծման խնդիրներն ու առանձնահատկությունները» հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է երկու տասնյակից ավելի եվրոպական երկրների փորձը, որը ցույց է տվել, որ պրոբացիան հիմնականում իրականացվում է ոչ ուժային կառույցների կողմից և չորս փուլերում՝ մինչդատական, դատական, պենիտենցիար (քրեակատարողական) և հետպենիտենցիար:
Իրականացվել են որակական հարցումներ ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների շրջանում՝ պարզելու պատժի կրման ընթացքում (ներառյալ՝ վերահսկողության և փորձաշրջանի փուլերը) դատապարտյալների հետ իրականացվող վերականգնողական և ուղղիչ աշխատանքների բնույթն ու առանձնահատկությունները:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում քրեական գործերի մինչդատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է մեծ մասամբ կալանավորումը, այնուհետև՝ ազատազրկումը որպես պատժատեսակ:
«Պրոբացիայի ծառայության ներդրումը կնվազեցնի դատարանների կողմից ազատությունից զրկելու հետ կապված պատիժների անհարկի նշանակումը, մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը, ինչպես նաև կթեթևացնի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածությունը»,– նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։
Հաշվարկները ցույց են տալիս, որ պրոբացիայի կիրառումը նաև հնարավորություն կտա խնայել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները. այն գրեթե 10 անգամ ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան ազատազրկված անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելը։
Ըստ հետազոտության՝ Այլընտրանքային պատիժների կատարման (ԱՊԿ) բաժիններում սոցիալական աշխատողի և հոգեբանի հաստիքներ ստեղծման օրվանից չեն նախատեսվել և այսօր էլ գոյություն չունեն, այն դեպքում, երբ ոլորտը կանոնակարգող կառավարության որոշմամբ ամրագրված են գործառույթներ, որոնք պահանջում են համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։
Հայաստանում իրավաբանական, հոգեբանական և մանկավարժական գիտելիքներ ունեցող սոցիալական աշխատողների պակաս կա, կարծում են հետազոտության հեղինակները: Նրանք առաջարկում են սոցիալական աշխատողների համար լրացուցիչ մասնագիտական դասընթացների և որակավորման բարձրացման ծրագիր իրականացնել։
Շնորհանդեսի մասնակիցները կարևորեցին պրոբացիոն ծառայության հետ կապված բողոքարկման մատչելի, անկողմնակալ և արդյունավետ ընթացակարգեր ունենալը, պրոբացիային ներկայացվող անձի վերաբերյալ զեկույց պատրաստելիս նրա համաձայնությունը և համագործակցությունը պրոբացիոն աշխատողի հետ։ Պրոբացիոն ծառայությունը նաև օրենսդրական համապատասխան փոփոխություններ է պահանջում։
Աննա Մելիքյան
