ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Խնդրում եմ քրեական գործ հարուցել քննիչի և դատավորի դեմ». իրավապաշտպան

2010թ. Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում կասկածելի հանգամանքներում
մահացած սպա Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը
նոյեմբերի 8-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Նա ՀՀ գլխավոր դատախազին խնդրում է քրեական գործ հարուցել Տավուշի
մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ,
Նազարյանի գործը քննող դատավոր Սամվել Մարդանյանի և քննիչ Լևոն Պետրոսյանի նկատմամբ:
Նա հիշեցնում է, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածի՝
ինքնասպանության հետ համամիտ չէ տուժող կողմը։ Մարտիրոսյանը բերում է մի շարք փաստեր
և հիմնավորումներ, որոնք կարող են հիմք դառնալ դատավորի և քննիչի նկատմամբ քրեական
գործ հարուցելու համար։
«Քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ, հանցավոր նախաքննություն, ինչի մասին ես Ձեզ բազմիցս տեղեկացրել եմ: Գործով վկաներ Ռաֆայել Էվոյանը և Սմբատ Սարգսյանը դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից և հայտնեցին, որ գործով քննիչ Լևոն Պետրոսյանն իրենցից խաբեությամբ կորզել է կեղծ ցուցմունք: Նրանք ասել են այլ բան, քննիչը գրել է բոլորովին այլ բան, իսկ վերջում քննիչը նրանց չի տրամադրել հարցաքննության արձանագրությունը ընթերցելու համար: Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն»,– գրված է հանցագործության մասին հաղորդման մեջ։
Ռուբեն Մարտիրոսյանը խնդրում է քննիչ Պետրոսյանի նկատմամբ քրեական
գործ հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, իսկ դատավոր Մարդանյանի
նկատմամբ՝ նախաքննական մարմնի կողմից կատարված հանցագործությունները պարտակելու համար։
