«Պետությունը փորձում է վերահսկել ՀԿ–ների աշխատանքը»

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը
նոյեմբերի 5-ին կազմակերպել էր «Քաղաքացիական զարգացման հիմնախնդիրները և մարտահրավերները»
թեմայով հանրային քննարկում։

«Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի» ծրագրերի գծով տնօրեն
Դավիթ Ամիրյանը նշեց, որ գոյություն ունի քաղաքացիական հասարակության կայացած խումբ,
որն արդեն ոչ թե փոքր ծրագրերի մակարդակով է գործունեություն ծավալում, այլ աշխատում
է քաղաքականության փոփոխման ուղղությամբ։ 

Սակայն, նրա համոզմամբ, Հայաստանում առկա իրավիճակը ցույց է
տալիս, որ քաղաքացիական հասարակության նկատմամբ փորձ է արվում վերահսկողություն իրականացնել։

«Ոչ միայն փորձ է արվում վերահսկողության տակ պանել զանգվածային
լրատվամիջոցները, դատարանները, ընտրությունները, այլև՝ հնարավոր ցանկացած այլ ոլորտ»,–
նշեց Ամիրյանը։

Նրա հետ համամիտ էին քննարկման մյուս բանախոսները։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Արթուր Սաքունցը նշեց, որ վերջին շրջանում հարկային մարմինների ստուգումները ՀԿ–ներում
իրենք համարում են անթույլատրելի միջամտություն կազմակերպության գործերին։ «Վախեցնելու
միջոցով լռեցնելու պրակտիկան դատապարտված է»,– հավելեց նա։

Իսկ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի»
նախագահ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ Հայաստանում մենաշնորհները խորանում են ոչ միայն
քաղաքական և տնտեսական ոլորտներում, այլև՝ տարածվում են նաև, այսպես կոչված, «մտքի»
և «կրոնի» ոլորտների վրա։

Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև օրեր առաջ ՀՀ նախագահին
կից Հանրային խորհրդի ներկայացրած Քաղաքացիական հասարակության զարգացման հայեցակարգի
նախագծին։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝
քաղաքացիական հասարակության կարևոր մաս կազմող արհեստակցական միությունները «ողբալի
վիճակում են գտնվում», սակայն դրանց զարգացման մասին խոսք անգամ չկա հայեցակարգում։
Հայեցակարգի նախագծում ներառված չեն նաև կրոնական կազմակերպությունները՝ որպես քաղաքացիական
հասարակության մաս։

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ով մասնակցել
է հայեցակարգի մշակմանը, նշեց, որ հոկտեմբերի 26-ին կայացած հանրային քննարկումից հետո
արհեստակցական միությունների վերաբերյալ լրացում է արվել նախագծում։

«Լավ կլիներ, որ քննադատություններից բացի մի քանի տողով գրեիք
և ներկայացնեիք առաջարկություններ»,– բանախոսներին խորհուրդ տվեց նա։


Բանախոսների
ելույթներից հետո ՀԿ–ների ներկայացուցիչները հնարավորություն ունեցած հարցեր և կարծիքներ
հնչեցնել։