Նախկին հրամանատարը չի հիշում, թե ինչու է 11 զինվորներին տույժի ենթարկել

Նա պնդում է, որ կարգապահական
տույժի ենթարկելու վերաբերյալ ծառայողական քննությունը բանավոր է անցկացրել։

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության
հոկտեմբերի 30-ի նիստում շարունակվեց զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի
հարցաքննությունը:

Շատ հարցերին ի պատասխան Ղազարյանն ասում էր, որ չի հիշում,
քանի որ Նազարյանի մահվանից ավելի քան երկու տարի է անցել, իսկ ինքն այն  ժամանակ նոր էր նշանակվել զորամասի հրամանատար և
շատ զինվորների դեմքով չէր ճանաչում:

Իսկ «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին կարգապահական
տույժի ենթարկելու վերաբերյալ հարցին Սեյրան Ղազարյանը պատասխանեց, որ չի հիշում, թե
ինչ խախտումներ էին թույլ տվել հենակետի բոլոր զինծառայողները և ինչու է նրանց կարգապահական
տույժի ենթարկել: 

Հարց հնչեց նաև, թե ինչո՞ւ չկան կարգապահական տույժի ենթարկելու
վերաբերյալ ծառայողական քննության նյութերը: Նախկին հրամանատարն ասաց, որ ծառայողական
քննությունն ինքը բանավոր է անցկացրել:

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանը հարցրեց, թե  ինչո՞ւ է Ղազարյանը կարգապահական տույժի հրամանը
տվել հուլիսի 28-ին, երբ զինծառայողները ռազմական ոստիկանություն են տարվել Արտակ Նազարյանի
մահվան օրը` հուլիսի 27-ին: Գնդապետն ասաց, որ լինում էին օրեր, երբ հրամանագիրքը փակված
էր լինում, և հրամանի գրառումները հաջորդ օրն էին արվում:

Հիշեցնենք,
որ թե՛ տուժող, թե՛ պաշտպանական կողմը պնդում են, որ զորամասի հրամանատարի կողմից նման
կարգապահական տույժեր չեն եղել, Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո 11 զինծառայողներին
ռազմական ոստիկանություն են տարել և երկար ժամանակ կալանքի տակ են պահել ապօրինի և
զինծառայողները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` գտնվելով ճնշման վիճակում:
Նրանք դատարանում միջնորդել են, որ ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները համարվեն
անթույլատրելի ապացույց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները և պաշտպանական կողմը
հոկտեմբերի 30-ին դատարանում հայտարարեցին, որ գնդապետ Սեյրան Ղազարյանի տված ցուցմունքները
կեղծ են, և դատարանը չպետք է  դրանք որպես ապացույց
ընդունի:

Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանում հայտարարեց,
որ ինքը միջնորդելու է կեղծ ցուցմունքների համար քրեական պատասխանատվության ենթարկել
Սեյրան Ղազարյանին:

Այնուհետև Գևորգյանը միջնորդեց, որպեսզի Արտակ Նազարյանի վերաբերյալ
հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն կատարվի: Նախկինում պաշտպանի նույն
միջնորդությունը դատավոր Սամվել Մարդանյանը մերժել էր:

Այս անգամ Հրանտ Գևորգյանը միջնորդությունը ներկայացրեց նոր
հիմքով: Նրա համոզմամբ` դատական հոգեբան Էլդա Գրինի կատարած դատահոգեբանական փորձաքննությունը
ճիշտ չէ, քանի որ նա որպես ելակետային տվյալներ վերցրել է նախաքննության ընթացքում
ապօրինի կալանքի տակ պահված զինվորներից կորզված կեղծ ցուցմունքները, թե իբր Արտակ
Նազարյանը թույլ սպա է եղել, եղել է հոգեպես ճնշված վիճակում, չի ցանկացել ծառայել
և այլն: Մինչդեռ նույն զինվորները դատաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել, որ
Նազարյանը ֆիզիկապես թույլ չէր, կարողանում էր պաշտպանել իրեն, զինվորները ենթարկվում
էին նրա հրամաններին:

Միջնորդությանը միացան պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Լևոն
Պողոսյանը և տուժողի իրավաջորդի ներկայացուցիչները: Սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,
փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ իրենք, կողմ լինելով միջնորդությանը, առակություններ
ունեն պաշտպանի կողմից դատական հոգեբան-փորձագետին ներկայացվող մի շարք հարցերի վերաբերյալ,
որոնք կապված են Արտակ Նազարյանի ինքնասպանության պատճառների հետ: Տուժողի իրավահաջորդ
Ծովինար Նազարյանն ու նրա ներկայացուցիչները ևս մեկ անգամ պնդեցին, որ Արտակ Նազարյանը
ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են:

Միջնորդության վերաբերյալ տուժող կողմի առարկությունները գրավոր
կներկայացվեն դատական հաջորդ նիստին, որը կկայանա նոյեմբերի
7-ին:

Ոսկան Սարգսյան

Իջևան