ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ ակտիվիստների պատժամիջոցները համապատասխանում են ԵԽԽՎ սահմանած «քաղբանտարկյալ» եզրույթին
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն այսօր
հրապարակել է իր հռչակագիրը։
«Հայտարարում ենք, որ հետևողականորեն պայքարելու ենք ՀՀ Սահմանադրությամբ
և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր
պրակտիկային վերջ դնելու համար»,– գրված է հռչակագրում։
Նախաձեռնությունը ստեղծվել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների
դաշինքի ակտիվիստների և նրանց համակիրների ջանքերով, սակայն նպատակ ունի իր շուրջը
համախմբել Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով մտահոգ այլ նախաձեռնությունների և
անձանց։
Նախաձեռնության անդամ Արեգ Գևորգյանը Հայաստանում քաղնանտարկյալ
է համարում ՀԱԿ չորս ակտիվիստներին՝ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ
Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին։
Նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2011թ օգոստոսի 9-ին ոստիկանների և նրանց միջև տեղի
ունեցած միջադեպից հետո։ Այս տարվա հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի վճռով չորս
երիտասարդները դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման։
«Առնվազն 2008 թվականից սկսած՝ մարդու իրավունքների պաշտպանության
համար պայքարող այս երիտասարդների նկատմամբ դատավճիռը կայացվեց հենց այն ժամանակ, երբ
շատ ակտիվ քաղաքացիական պայքար էր գնում «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի հետ կապված
ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պատասխանատվության ենթարկելու համար։
Սրանից կարելի է ենթադրել, որ սա մեսիջ էր թե՛ քաղաքացիական,
թե՛ քաղաքական դաշտում գործող երիտասարդների և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների համար,
որ Հայաստանի իշխանություններին ընդվզելու ցանկացած փորձ պատժվելու է այս կերպ»,– եզրակացնում
է Արեգ Գևորգյանը։
Նրա կարծիքով՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի
և Արտակ Կարապետյանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները համապատասխանում են 2012թ. հոկտեմբերի
3-ին ԵԽԽՎ կողմից ընդունված 1900 բանաձևով սահմանված «քաղբանտարկյալ» ձևակերպմանը։
Սակայն, www.hra.am –ի այն
հարցին, թե ԵԽԽՎ բանաձևից ի՞նչ ակնկալիքներ ունեք, Արեգ Գևորգյանը պատասխանեց. «ԵԽԽՎ
բանաձևից հույսեր մենք, իհարկե, չունենք և սխալ կլինի ինչ–որ բանաձևից հույս ունենալ։
Մենք հույս ունենք միմիայն մեզանից, ՀՀ քաղաքացիներից և այդ հույսերն են, որ մեզ ստիպել
են այսօր համախմբվել այս նախաձեռնության մեջ և մեր ուժերով փորձել լուծել մեր խնդիրները»։
Նոյեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի առջև «Հայաստանն
առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը
կկազմակերպի իր առաջին բողոքի ցույցը։ Այդ պահին դատարանը քննելու է ՀԱԿ չորս ակտիվիստների
գործով վերաքննիչ բողոքը։
