ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատավոր Մարդանյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

«Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում
կասկածելի հանգամանքներում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով
հոկտեմբերի 17-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց ինքնաբացարկի
միջնորդության վերաբերյալ որոշումը։
Դատավորը մերժեց միջնորդությունը` անհիմն
լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավորին
ինքնաբացարկի միջնորդություն
էին հայտնել ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանները։
Իր որոշումը Սամվել Մարդանյանը հիմնավորեց
նրանով, որ ինքնաբացարկի միջնորդության հիմք
հանդիսացած ապացույցները դեռևս չեն գնահատվել դատարանի կողմից:
Հոկտեմբերի 17-ի դատական նիստին չէին ներկայացել
չորս ամբաստանյալների պաշտպանները, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներակայացուցիչները։
Ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանը, Հարութիկ
Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը և Ադիբեկ Հովհաննիսյանը դատարանին հայտնեցին, որ դեմ
չեն, որ նիստը շարունակվի իրենց պաշտպանների բացակայությամբ։ Սակայն երբ մեղադրող Հարություն
Հարությունյանը միջնորդեց ամբաստանյալներին
հարցաքննել 2010թ. հուլիսի 16-27-ը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, նրանք
հրաժարվեցին առանց պաշտպանների հարցաքննվելուց:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի
23-ը:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը 2010թ. հուլիսի 27-ին ծառայության
վայրում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել, իսկ հարազատների պնդմամբ՝ սպանվել: Գործը Տավուշի մարզի
ընդհանուր իրավասության դատարան է մտել «ինքնասպանության դրդում» հոդվածով։
Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցները՝
կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա.
Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ
Կիրակոսյանը:
Ոսկան Սարգսյան
Իջևան
