Ավետյանի գործով նիստ. դատարանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկվելու հետևանքով
մահացած Վահե Ավետյանի գործով վերջին մի քանի նիստերը հետաձգվում էին նոր փաստաբանների ներգրավման պատճառով:

Արդեն երրորդ անգամ փոխվեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի
պաշտպանը. Վաղարշակ Գևորգյանին փոխարինեց Միհրան Պողոսյանը, ով միայն 15 րոպե ընդմիջում
խնդրեց գործի երկրորդ հատորին ծանոթանալու համար: Նյութերին ծանոթանալիս նա
տեխնիկական և
դատավարական բնույթի խնդիրներ նկատեց։ Դատավորը հայտնեց, որ դրանց կանդրադառնան դատավարության
հաջորդ փուլերին:

Երկու տասնյակ միջնորդություն՝ մեկ նիստի ժամանակ

Տուժողի իրավահաջորդի
ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին դատարանին ներկայացրեցին 20 միջնորդություն:

Փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ պարզ
չէ, թե քննիչի կողմից առգրավված համակարգչային պրոցեսորը միա՞կ կրիչն է, որի վրա կարող
է պահպանված լինել ռեստորանի տարածքը հսկող տեսախցիկների ձայնագրությունը, թե՞ ոչ,
և հնարավո՞ր է արդյոք, որ դրա վրայից տեղեկատվություն ջնջված լինի։ Նա միջնորդեց, որ
փորձաքննության ենթակվեն այս և ռեստորանի մյուս համակարգիչները, որոնք չեն առգրավվել
և ստուգվել:

«Խիստ կասկածելի է, որ առգրավված պրոցեսորի
զննությանը կատարվել է երկու ընթերակաների մասնակցությամբ, որոնց, ըստ էության, հնարավոր
չէ գտնել, քանի որ հայտնի է, որ նրանք Գյումրի քաղաքից են, բայց հասցեները նշված չեն,
ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք գոյություն չունեցող ընթերականեր են»,- ասաց
Եգորյանը՝ միջնորդելով, որ դատարանը պարզի ընթերականերն իրականում գոյություն ունե՞ն,
թե՞ ոչ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են, որ «Հարսնաքարի» սեփականատեր, ԱԺ նախկին
պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետը՝ Աշոտ Սնջոյանը, կրկնակի
հարցաքննվի։ Հեռախոսային վերծանումներից պարզվել է, որ դեպքի օրը ամբաստանյալները 8
անգամ զանգել են Սնջոյանին, սակայն հարցաքննության ժամանակ ասել են, որ չեն հիշում՝
ինչի մասին են խոսել, իսկ քննիչը հավելյալ հարցեր չի տվել:

Փաստաբանը նաև միջնորդեց, որ հետազոտվեն գործին առնչվող մի շարք անձանց (այդ
թվում՝ Ռուբեն Հայրապետյանի) հեռախոսային վերծանումները՝  պարզելու, թե որտեղ են գտնվել այդ մարդիկ
միջադեպի ժամանակ:

Միջնորդությունների մեկն էլ վերաբերում
էր աշխատանքային պայամանագրերի հետազոտմանը, քանի որ փաստաբանները  կասկածներ ունեն, ամբաստանյալները  Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում են աշխատում։

Պաշտպանական կողմը դատավորին
ինքնաբացարկ հայտնեց

Եգորյանի միջնորդությունները պարբերաբար ընդհատվում էին պաշտպանական կողմի 6
փաստաբանների առարկություններով. նրանք պահանջում էին չմեջբերել իրենց
պաշտպանյալների նախաքննական ցուցմունքները։

Առարկությունները մերժվում էին, ինչի պատճառով պաշտպանական կողմը ինքնաբացարկի
միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ նշելով որ դատավոր Դավիթ Հարությունյանը կանխակալ վերաբերմունք
է ցույց տալիս: Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Տուժող կողմն էլ հայտնեց, որ միջնորդությունները
դատարանին և դատավարության կողմերին կներկայացնեն խմբագրելուց հետո։ Հաջորդ
դատական նիստին, րսը նշանակվեց հոկտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին, կողմերի
կարծիքները լսելուց հետո դատավորը միջնորդությունների վերաբերյալ որոշում
կկայացնի։

Փաստաբանները հայց են ներկայացրել
Գլխավոր դատախազության դեմ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանում (դատավոր՝ Գագիկ Խանդանյան) հոկտեմբերի 11-ին լսվեց «Հարսնաքարի»
գործով մեկ այլ հայց։

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել ընդդեմ ՀՀ
գլխավոր դատախազության՝ իրենց  20 միջնորդությունները
մերժելու և գործն առանց պատշաճ քննության դատարան ուղարկելու վերաբերյալ
որոշումների դեմ: 

«Ըստ էության, սա Վահե Ավետյանի գործի առումով ամենակարևոր դատական ճակատն է,
որովհետև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը սահմանափակված է առաջադրված
մեղադրանքով, իսկ այս հայցի քննության արդյունքում Կենտրոնի դատարանը կարող է
որոշում կայացնել` պարտավորեցնելով դատախազությանը հետ վերցնել գործը և ցուցում
տալ նախաքննության մարմնին պատշաճ քննություն իրականացնելու և ճիշտ մեղադրանք
առաջադրելու մասին»,- իր տարածած հայտարարության մեջ նշել է Ավետյանների շահերի
պաշտպան, փաստաբան  Լուսինե Հակոբյանը:

Հայցվոր կողմը չհասցրեց իր պահանջը ներկայացնել
ամբողջությամբ, քանի որ աշխատանքային օրն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի
2-ին, ժամը 16:30-ին:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 17–ին
սպորտային հագուստ կրելու պատճառով առաջացած վեճի արդյունքում «Հարսնաքարի»
աշխատակիցները ծեծի ենթարկեցին Երևանի կայազորի հոսպիտալի
ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին, ով 12 օր գտնվելով ծայրահեղ ծանր
վիճակում, հունիսի 29-ին մահացավ՝ գիտակցության չգալով։