ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տուն–ինտերնատի տնօրենը մեղադրվում է հիվանդներին շահագործելու մեջ

Հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ–ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը։ Նա մեղադրվում է տուն–ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին
շահագործելու մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին
«Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակում
եղավ, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի տնօրենը աշխատանքային թերապիայի
անվան տակ շահագործել է իր ղեկավարած հաստատության խնամքի տակ գտնվող մի քանի հիվանդների։
Նա ծանր հիվանդությամբ տառապող չորս հիվանդների հարկադրել է տուն–ինտերնատից 30 կմ
հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում անասուններ պահել։
Հրապարակումից հետո՝ սեպտեմբերի
20-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության
դեմ պայքարի գլխավոր վարչությանը տուն–ինտերնատում իրականացնել համապատասխան ստուգումներ։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են չարաշահումներ:
Դեպքի առթիվ հոկտեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելը)։ Նույն օրը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ–ի տնօրեն
Նվեր Հովհաննիսյանը ձերբակալվել է:
Ըստ նախապատրաստված նյութերի՝
նշված ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելու արդյունքում, ընկերությանը
պատճառվել է խոշոր չափերով նյութական վնաս:
Հաշվի առնելով, որ ՊՈԱԿ-ի տնօրենի
գործողություններում առկա են նաև պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով մի քանի անձանց
աշխատանքային շահագործման ենթարկելու հատկանիշներ, նույն օրը քրեական գործ է հարուցվել
նաև ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հոգեկան
խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը լիովին չգիտակցող երկու կամ
ավելի անձանց հարկադիր աշխատանքի ներգրավելը): ՀՀ ոստիկանությունում ընթանում է նախաքննություն։
Ըստ նախապատրաստված նյութերի՝ Նվեր
Հովհաննիսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ նյարդահոգեբանական տուն–ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող, հոգեկան հիվանդության հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող 4 անձանց 2012
թվականի մայիսի 16-ից մինչև սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես՝ ամիսներ շարունակ նրանց ներգրավել է` տուն ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ:
