Հավաքների ազատություն. ուժի կիրառումը՝ ծայրահեղ միջոց

ՀՀ Ոստիկանությունը, գերմանական
GIZ կազմակերպությունը և ԵԱՀԿ–ն պատրաստել են «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց» ոստիկանների համար: Նախատեսվում է նաև ոստիկանությունում ստեղծել կարգապահական
հանձնաժողով՝ բաղկացած ոստիկանության և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներից:
Ոստիկանության աշխատակիցների թիվը հանձնաժողովում չպետք է գերազանցի հիսուն  տոկոսը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Արթուր Օսիկյանը կարծում է, որ ուղեցույցի կիրառումը և Ոստիկանության կարգապահական
հանձնաժողովի ստեղծումը էականորեն կբարեփոխեն հավաքների ազատության իրավիճակը Հայաստանում:

Ուղեցույցը ներառում է ՀՀ Սահմանադրությամբ
և 2011թ. ընդունված «Հավաքների ազատության մասին» օրենքով ոստիկանների լիազորությունները։
Առանձնացվել են օրենսդրությունից բխող վեց սկզբունքներ, որոնց պետք է հետևեն ոստիկանները
հավաքների ժամանակ ծառայողական պարտականություններ կատարելիս:

Դրանք են՝ խաղաղ հավաքներին աջակցելու սկզբունքը, համագործակցության
սկզբունքը, բավարար ոստիկանական ուժերի տրամադրման սկզբունքը, համաչափության սկզբունքը,
լարվածության թուլացման սկզբունքը, օրինական հիմքերով ստացված տեղեկատվությունից օգտվելու
սկզբունքը
։

Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը
պետք է աջակցի խաղաղ հավաքի անցկացմանը և այդ հարցում համագործակցի կազմակերպիչների
հետ։ Հավաքի խաղաղ ընթացքը և հասարակական կարգը ապահովող ոստիկանական ուժերը չպետք
է լինեն ավելին կամ պակաս, քան անհրաժեշտ է։

«Հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու
համար անհրաժեշտ է օգտագործել ամենամեղմ միջոցը։ Ուժի գործադրումը, բոլոր դեպքերում, պետք է լինի ծարահեղ միջոց, եթե սպառվել են հնարավոր բոլոր մյուս միջոցները»,– նշում
է ոստիկանության պետի տեղակալը։

Արթուր Օսիկյանը նշում է, որ հավաքների
ժամանակ լինում են մարդկանց խմբեր, որոնք արհեստականորեն լարվածություն են ստեղծում,
ինչը կարող է հանգեցնել խառնաշփոթի և բախումների։ Ուղեցույցում նշված են ոստիկանության
այն գործողությունները (բանակցություններ, նախազգուշացում, անկարգապահների մեկուսացում
և այլն), որոնց միջոցով կարելի է թուլացնել լարվածությունը։ Սակայն, փոխոստիկանապետի
խոսքերով, այս հարցում անհրաժեշտ է, որ հավաքի կազմակերպիչները նույնպես քայլեր ձեռնարկեն
այդ ուղղությամբ։

ՀՀ արդարադատության նախարարի առաջին
տեղակալ Գրիգոր Մուրադյանը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ամենակարևոր դրույթներից
է համարում այն, որ խաղաղ հավաքը, նույնիսկ եթե անօրինական է, չի կարող դադարեցվել,
և ոստիկանությունը պետք է աջակցի դրա անցկացմանը։

«Եթե չկան խախտումներ, որոնք հավաքին
հաղորդում են ոչ խաղաղ բնույթ, հիմք չկա հավաքը դադարեցնելու։ Նույնիսկ խախտումների
և բռնությունների դեպքում ոստիկանությունը պետք է նախ կիրառի օրենքով նախատեսված սահմանափակումները։
Երբ սպառվում են բոլոր հնարավոր սահմանափակումները և այլ կերպ հնարավոր չէ պահպանել
հասարակական կարգը, միայն այդ դեպքում հավաքը կարող է դադարեցվել»,– նշում է Մուրադյանը։

Նրա խոսքերով՝ օրենքով նախատեսված
ուժի կիրառումը (մահակ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և այլ) պետք է դիտել որպես ծայրահեղ
միջոց: Զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանությունը նախ պետք է փորձի սահմանափակումներ
կիրառել, դրանք են՝ բանակցությունները, անկարգապահներին մեկուսացնելը, նախազգուշացնել
և այլն։ Իսկ երբ սպառվում են բոլոր հնարավոր միջոցները, ոստիկանությունը պետք է հայտարարի
հավաքը ցրելու մասին։ Եթե մասնակիցները չեն ցրվում կամավոր, ամենավերջում ոստիկանությունը
կարող է ուժ կիրառել։

Գրիգոր Մուրադյանը նաև կարևոր
է համարում հավաքի արգելքի բացառիկությունը և արգելման ժամանակ լսումների անցկացումը։
«Հավաքը կարող է արգելվել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ սահմանափակումների միջոցով
կանխել այլոց իրավունքների խախտումները»,– մեկնաբանում է նախարարի տեղակալը։

«Կարծում  եմ, որ դա այն օրենքներից է, որ աշխատում է։ Այնպես
չէ, որ աշխատում է անբասիր, բայց այդպես չի լինում ոչ մի երկրում, և օրենսդիրի պարտականությունն
է վերացնել բացերը, թերությունները»,– «Հավաքների ազատության մասին» օրենքը այսպես
գնահատեց արդարադատության նախարարի տեղակալը։

Իսկ այն հարցին, թե օրենքը երաշխավորո՞ւմ
է, որ մարտիմեկյան իրադարձությունները չեն կրկնվի՝ հաշվի առնելով, որ առջևում նախագահական
ընտրություններ են, GIZ կազմակերպության փորձագետ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ
ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել։ Սակայն, նրա խոսքերով, Հայաստանը համարձակություն
ունեցավ օրենքով ամրագրել, որ ցանկացած դեպքում պետք է աջակցել խաղաղ հավաքին, ինչը
գործնականում կիրառվում է շատ երկրներում, սակայն օրենսդրությամբ նախատեսված չէ։