ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գերակշռել են կուտակումների և արգելված քարոզչության վերաբերյալ ահազանգերը

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Մարդու իրավունքների
պաշտպանի երևանյան
և մարզային
գրասենյակները, նախնական
տվյալներով,
ստացել են
ընտրախախտումների վերաբերյալ
38 ահազանգ։ Իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ ահազանգերը հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոններում և դրանց դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումներին և ընտրական քարոզչության իրականացմանը (19 ահազանգ), վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդմանը (4 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելուն (3 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելուն (3 ահազանգ) և այլն։
Ահազանգերը հիմնականում ստացվել են Գեղարքունիքի մարզից (34 ահազանգ և 9 արագ արձագանքում)։ Կոտայքի մարզից գրանցվել է 2, իսկ Վայոց Ձորի
և Տավուշի մարզերից՝ մեկական ահազանգ։
Պաշտպանի գրասենյակը հաղորդում
է, որ ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։
