Միջադեպի ընթացքում մի քանի անգամ զանգել են թիկնազորի պետին

«Հարսնաքարի» գործով սեպտեմբերի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալ
Արման Խաչատրյանի փաստաբանը՝ Ավագ Լալայանը ժամանակ խնդրեց  գործի երեք հատորից բաղկացած նյութերին ծանոթանալու
համար: Նա նոր է ներգրավվել որպես պաշտպան։

Հիշեցնենք, որ 2012թ.-ի
հունիսի 17–ին սպորտային հագուստ կրելու պատճառով առաջացած վեճի արդյունքում
«Հարսնաքարի» աշխատակիցները ռեստորանի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկեցին Երևանի
կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին: Վերջինս,
12 օր գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ՝ գիտակցության
չգալով։ Նրա հետ ծեծի ենթարկված 
Արտակ Բայադյանը  և Գարիկ Սողոմոնյանը ստացան միջին կարգի ծանրության
մարմնական վնասվածքներ:

Գործով ձեռք բերված
ապացույցների հիման վրա մեղադրանք առաջադրվեց «Հարսնաքարի» վեց
աշխատակիցներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման
Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին։ Նրանք մեղադրվում են ՀՀ
քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի  6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով նախատեսված գործողություններ
կատարելու մեջ:

Չնայած նիստը հետաձգվեց, բայց Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահե
Գրիգորյանը մի խնդրի մասին բարձրաձայնեց։ Նրա խոսքերով՝ նիստերի դահլիճում՝ առաջին
շարքում, նստած են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, և պարզ չէ, թե նրանք ինչ գործ
ունեն դատարանում: Դատական կարգադրիչները այդ երիտասարդներին թույլ են տալիս նստել
առաջին շարքում, բայց այդ իրավունքից զրկում են լրագրողներին և մյուս քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ էլ փաստաբանները բողոքում էին, որ այդ
նույն երիտասարդները արտոնյալ կարգավիճակով՝ առանց ստուգման ենթարկվելու են մտնում նիստերի դահլիճ
այն դեպքում, երբ փաստաբաններն ու մյուս քաղաքացիներին մանրամասն զննում են:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կարող այդ քաղաքացիներից պահանջել
ցույց տալ իրենց աշխատանքային գրքույկը կամ պարզել՝ ոստիկա՞ն են արդյոք, քանի որ նիստը
դռնբաց է:

Նիստից հետո փաստաբան Վահե Գրիգորյանը www.hra.am –ին հայտնել է,
որ տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչների հետ պատրաստվում են դատարանին ներկայացնել
մի քանի միջնորդություններ:

Միջնորդություններից մեկը վերաբերում է «Հարսնաքարի» սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր
Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետին՝ Աշոտ Սնջոյանին կրկնակի հարցաքննելուն։ Ամբաստանյալների
հեռախոսային վերծանումներից պարզվել է, որ դեպքի օրը 8 անգամ զանգել են Աշոտ Սնջոյանին, ով չի ընդունում, որ աշխատում
է Հայրապետյանի մոտ և ներկայանում է որպես գործազուրկ:

Սնջոյանը մեղադրվել է 2011թ. օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած
մեկ այլ միջադեպի ժամանակ երկու անձանց հրազենային վնասվածք հասցնելու մեջ, սակայն
պատասխանատվության չի ենթարկվել։ Քրեական գործը կարճվել է կողմերի հաշտության հիմքով:

Վահե Ավետյանի գործով Աշոտ Սնջոյանը հարցաքննվել է
որպես վկա և ասել է, որ չի հիշում, թե դեպքի օրը ինչու էին Արման Բաղդասարյանը և Նորայր
Հայրապետյանը իրեն զանգել, իսկ միջադեպի մասին իմացել է հեռուստացույցից: Քննիչը բավարարվել
է Սնջոյանի պատասխաններով, և այլևս չի հետաքրքրվել, թե ինչպե՞ս է, որ նա չի հիշում
Վահե Ավետյանի ծեծից առաջ, ծեծի ընթացքում և դրանից հետո ստացած ութ հեռախոսազանգերից
որևէ մեկի բովանդակությունը: