Քաղաքացիական հասարակության օրը նշում են՝ հիշելով ձեռքբերումների մասին

«Քաղաքացիական հասարակությունը ես եմ, որովհետև ես մարդ եմ,
տեսնում եմ, գործում եմ, պայքարում եմ...»,- այս տողերը գրվեցին Քաղաքացիական հասարակության
նպատակների պատի վրա սեպտեմբերի 12-ին՝ Քաղաքացիական հասարակության օրը կազմակերպված
միջոցառման ժամանակ:

Արդեն երրորդ տարին է, ինչ Քաղաքացիական զարգացման և համագործակցության
հիմնադրամի նախաձեռնությամբ Սիրահարների այգում նշվում է Քաղաքացիական հասարակության
օրը: Ցուցադրվում են բեմադրություններ, հասարակական կազմակերպությունները հատուկ տաղավարներով
ներկայացնում են իրենց գործունեությունը, տրամադրում են անվճար իրավական խորհրդատվություն:

«Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի» համակարգող
Լիլիթ Չիթչյանի կարծիքով՝ քաղաքացիական հասարակությունը շատ է փոխվել Հայաստանում վերջին
տարիների ընթացքում. քաղաքացիներին ավելի ակտիվացել են և կարողանում են արդյունքների
հասնել։

«Ամենամեծ հաղթանակներից էր մոտ 1,5 տարի առաջ ժամանակավոր անաշխատունակության
նպաստների հարցի լուծումը, երբ օրենքի փոփոխությունը ի վնաս ապագա մայրերի էր, և հենց
քաղաքացիական հասարակության և անհատների պայքարի շնորհիվ փոփոխությունները ետ կանչվեցին
ԱԺ–ից, և օրենքը շարունակվեց կիրառվել իր հին տեսքով»,- նշում է Չիթչյանը: 

Սրան հաջորդեցին
Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի համար մղվող պայքարն ու հաղթանակները:

Քաղաքացիական հասարակության օրը
նշելով՝ միջացառման կազմակերպիչները նպատակ ունեն տարածել քաղաքացիական հասարակության
գաղափարը և հանրությանը դարձնել այդ գաղափարի կրողը: