ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ցմահ ազատազրկումը մնաց անփոփոխ. կրկին կբողոքարկեն

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող
դատավոր՝ Կարինե Ղազարյան) մերժեց Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն
Արծրունու պաշտպանների վերաքննիչ բողոքը։
Փաստաբաններ Նարինե և Ռուբեն Ռշտունիները պահանջում էին բեկանել
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
12.07.2012թ վճիռը,
և Արծրունու մեղադրանքը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի առաջին
մասին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը):
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանը, վերանայելով 1996թ. Գերագույն դատարանի կողմից Արսեն Արծրունու վերաբերյալ
կայացված որոշումը, նրան վերագրվող արաքները համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի
222 հոդվածի առաջին մասին (Բանդիտիզմ) և 38-104 հոդվածների 2-րդ մասի 1-ին կետին (երկու
կամ ավելի անձանց սպանությունը), իսկ նրա նկատմամբ նշանակված քրեական պատիժը՝ ցմահ
ազատազրկումը, թողել է անփոփոխ:
«Առաջին ատյանի դատարանը որոշման մեջ գրել է՝ «պատիժը թողնել
անփոփոխ՝ ցմահ ազատազրկում», բայց նշանակված պատիժը եղել է մահապատիժ, այլ ոչ թե՝ ցմահ
ազատազրկում։ Ցմահ ազատազրկումը շնորհվել է ՀՀ նախագահի ներման հրամանագրով՝ 2003թ.–ին,
որը, մենք գտնում ենք, որ նույնպես սխալ է»,– www.hra.am
–ին մեկնաբանում է փաստաբան Նարինե Ռշտունին։
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 17 տարի: ՀՀ գերագույն դատարանը 1996թ. նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ փոխելով մեղադրանքի էությունը և դարձնելով
«երկու և ավելի անձանց սպանություն»։
2011թ. ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է 2006թ. կայացված դատական ակտը և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Սակայն դատարանները շարունակում են առաջ
տանել դատախազության տեսակետը։
Փաստաբանները պնդում են, որ Արծրունու գործողությունները վերաորակվելով
«երկու կամ ավելի անձանց սպանություն», նրան նույն արարքի համար երկրորդ անգամ են դատապարտում։
Նրանց կարծիքով՝ երկու սպանությունները պետք է դիտարկել առանձին դրվագներով։ 1996թ.
ՀՀ գերագույն դատարանը դատավճիռ կայացնելիս նույնպես գտել է, որ տեղի են ունեցել երկու
տարբեր սպանություններ, որոնք կատարվել են տարբեր ժամանակ և իրար հետ կապված չեն միասնական
դիտավորությամբ կամ շարժառիթով։
«Երբ 2011թ. մայիսին Քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ,
և նակինում սպանություն կատարած անձի կողմից սպանության կատարումը (Քր.օր.–ի 104 հոդվածի
2-րդ մասի 15-րդ կետ) ուժը կորցրած ճանաչվեց, այլևս օրենսդրությունը տարբերակում չի
առաջադրում։ Եվ ստացվում է, որ բոլոր դեպքերում, երբ մեկ անձի կողմից կյանքից կզրկվեն
երկու կամ ավելի անձինք, բոլոր դեպքերում դա պետք է որակվի որպես 104 հոդվածի 2-րդ
մասի առաջին կետ (երկու կամ ավելի անձի սպանություն)»,-դատարանում մեկնաբանեց գործով
մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.09.2012թ. որոշումը Արսեն
Արծրունու փաստաբանները մտադիր են բողոքարկել Վճռաբեկ դատարանում, այնուհետև՝ դիմել
Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Արսեն Արծրունու գործի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություն է տարածել
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն։
«Ա.Արծրունու գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ.
2-րդ մասի 1-ին կետով վերաորակելը գտնում ենք անօրինական, և հակասող ՀՀ Սահմանադրությանը,
միջազգային նորմերին, հանցագործության կատարման և դատապարտվելու ժամանակ գործող օրենսդրությանը
և իրավակիրառման պրակտիկային»,– ասված է հայտարարության մեջ։
Գործում առկա մի շարք խնդիրներ մեջբերելով՝ Քաղաքացիական հասարակության
ինստիտուտը Վերաքննիչ քրեական դատարանի ուշադրությունն էր հրավիրում դրանց վրա՝ խնդրելով
հաշվի առնել դրանք գործը քննելիս։
