Համակարգիչը դեն նետելու հիմնավորումներն արժանահավատ չեն

Արդեն 3 դատական նիստ է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանում «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու գործով չեն
կարողանում պարզել, թե ի՞նչ է եղել իրեղեն ապացույց համարվող համակարգչի և դրա
կոշտ սկավառակների հետ:

Կինոթատրոնի ղեկավարներն իրար հակասող ցուցմունքներով պնդում են, որ
տեխնիկական վերազինում են իրականացրել, պաշտպանական կողմը չի հավատում նրանց, քանի
որ կինոթատրոնից չեն ներկայացվում իրենց ասածը հաստատող ֆինանսական փաստաթղթեր:

Այս ամենի հետևանքով պաշտպան Տիգրան Սաֆարյանի
կողմից դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդության
պատասխանն անընդհատ հետաձգվում է:

Հիշեցնենք, որ այս գողության՝
«Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու
մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը: Նրանք կալանավորված են
երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական
ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք բերվել խոշտանգման հետևանքով: Նրանց մեղքն
ապացուցող այլ հանգամանք գործում առկա չէ:

Ինչպես նշում է Հովակիմյանի փաստաբանը, գողացված գումարի
չափը գործի քննության ընթացքում որևէ ապացույցով չի հիմնավորվել, իսկ ներկայացված
փաստաթուղթը պարունակում է անճշտություններ. օրինակ՝ նշվում է, որ վաճառվել է 3
հատ 1000 դրամանոց տոմս, բայց ընդհանուր գումարը 3000 դրամի փոխարեն 30.000 է
նշված և այլն: Անճշտությունները հասկանալու համար էլ փաստաբանը պնդում է, որ
անցկացվի դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն:

Հունիսի 17-19 կայացած դատական նիստերի ընթացքում տուժող Նորայր Ազատյանը
ներակայացրեց ֆինանսական մի քանի փաստաթղթեր, որոնք պաշտպանական կողմի պնդմամբ
այդպես էլ չեն պատասխանում իրենց հարցերին: Հունիսի 18-ին դատարանում 2 անգամ
հարցաքննվեց կինոթատրոնի  համակարգչային
սպասարկման բաժնի մասնագետներից Ռուբեն Խանզադյանը, ով իրարամերժ ցուցմունքներ տվեց:

Նախ հայտնեց, որ համակարգիչը ունեցել է երկու կոշտ սկավառակ (hard drive),
որոնցից մեկը՝ բազային սկավառակը, շարքից դուրս է եկել, իսկ մյուսը ծրագրային
սկավառակը, որն, ի դեպ, նոր է եղել ու չի օգտագործվել, պահել են կամ հաշվապահության
կամ էլ դրամարկղի սենյակում:

Քերոբյանի պաշտպանը՝ Լուսինե Սահակյանը, միջնորդեց, որ փորձաքննության
ենթարկվի երկրորդ սկավառակը, որից հետո դատարանում խառնաշփոթ սկսվեց: Տուժող կողմի
ներկայացուցիչ Ազատյանը հայտնեց, որ վկայի ցուցմունքը սխալ է հասկացվել ու
Խանզադյանն ուզել է ասել, որ համակարգչի մասը, ոչ թե կինոթատրոնում է, այլ
գոյություն չունի:

Վկան ցուցմունք տալուց հետո նստել էր Ազատյանի կողքին և միայն Սահակյանի
միջնորդությունից հետո դատավորի վճռով հեռացավ դահլիճից: Սահակյանը մեղադրում էր
տուժածին վկային ուղղորդելու մեջ:

Տուժող կողմը միջնորդեց, որ Խանզադյանին նորից հարցաքննեն, որին առարկեց
փաստաբան Սահակյանը նշելով, որ Ազատյանն ուղղորդել է վկային, սակայն դատավորը
բավարարեց տուժողի պահանջը:

Վկան երկրորդ անգամ նշեց, որ իրենք ոչ մի տեղ էլ չեն պահել կոշտ սկավառակը,
այլ պարզապես դեն են նետել այն: Սահակյանի այն հարցին, թե ինչո՞ւ են նոր սկավառակը
նետել, Խանզադյանը պատասխանեց, որ 20 գեգաբայթ հիշողությամբ սկավառակի կարիք չեն
ունեցել, դրա համար էլ նետել են:

«Շատ տարօրինակ է, որ նրանք որոշել են փոխել սկավառակն ու այն, որ 6 ամիսը մեկ
նրա վրա գրված ինֆորմացիան մեխանիկորեն ջնջնվում է: Անգամ եթե այդ սկավառակը 20
գեգաբայթ հիշողություն է ունեցել, որը անհավատալի է 2010թ.-ի համար, այն
կինոթատրոնին կարող էր ծառայել 15 տարի»,- www.hra.am –ին ասում է Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը, ով տեղեկատվական
տեխնոլոգիաների մասնագետ է:

Սահակյանը հուլիսի 19-ին դատարանում հայտնեց, որ  համոզված է՝ Խանզադյանի վկայությունն իրականությանը
չի համապատասխանում, քանի որ կինոթատրոնը այդպես էլ չներակայացրեց դրանք հաստատող
փաստաթղթեր:

«Մենք գիտենք, որ եթե ընկերությունը գործարք է կատարում անկախ նրանից
փոխանցումով, թե՝ կանխիկ, ընկերությունում դա պարտադիր որոշակի գրանցում է ստանում
անկախ նրանից դա 100 դրամ է, թե  1000: Եթե
այդպես չլիներ ընկերությունը չէր կարող ձեռք բերել որևէ գույք: Այդ կոշտ սկավառակը,
ակնհայտ է, որ չի վառվել, քանի որ այդպես էլ դա ապացուցող որևէ փաստաթուղթ
չներկայացվեց, դատարանը նաև պահանջել է այն ընկերության տվյալները, որին ներակայացրել
են այդ կոշտ սկավառակը սարքելու համար, սակայն այդ տվյալները տուժող կողմը ևս
չներկայացրեց»,- դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Լուսինե Սահակյանը:

Տիգրան Սաֆարյանը նոր միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով, որ իր  միջնորդությունը քննարկվի վերաձևակերպված ձևով
և փորձագետներին ներկայացվի ներկայումս Մոսկվա կինոթատրոնի կողմից շահագործվող
համակարգիչն ու պատասխաններ տրվեն այն հարցերին, թե ի՞նչ ծրագրեր են տեղադրված
համակարգչում, ե՞րբ են տեղադրվել, տեղադրվելու ժամանակ արդյո՞ք կատարվել է նախորդ
սերվերի տվյալների փոխանցում ու համապատասխանեցում:

«Եթե իրականացվել են, ուրեմն խնդրում եմ փորձագետները պատասխանեն նաև նախորդ
միջնորդությունում առաջ քաշած հարցերին»,- դատարանում  միջնորդեց Սաֆարյանը:

Միջնորդությանը պատասխանը հայտնի կդառնա հուլիսի 20-ին՝ ժամը 14:00-ին: