ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Հայրապետյանը զղջում է, իսկ դատապարտող հայտարարությունները՝ տարածվում

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը զանգահարել և ներողություն է խնդրել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանից՝ նրան նախորդ օրը հարվածելու համար: Պատգամավորն ասել է, որ իրավիճակից ելնելով է նման քայլի դիմել, և հիմա զղջում է իր արարքի համար: Այս մասին ասված է հուլիսի 9-ին Հելսինկյան ասոցիացիայի տարածած հայտարարությունում, որով կազմակերպությունը դատապարտում է խաղաղ հավաքների ազատությունը դիտարկող Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանի մուտքի մոտ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 7-օրվա առթիվ կազմակերպված մոմավառության ակցիայից առաջ Հելսինկյան ասոցիացիայի անդամը մտել էր ռեստորանի բակ՝ փորձելով նկարել այնտեղ գտնվող Ռուբեն Հայրապետյանին: Պատգամավորը մոտեցել էր և հարվածել Վեզիրյանին՝ նրան տապալելով գետնին:
«Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում` կապված իրավապաշտպան գործունեության հետ, ինչը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել»,- գրված է Հելսինկյան ասոցիացիայի տարածած հայտարարությունում:
Կազմակերպությունը սպասում է իշխանությունների արձագանքին, մասնավորապես՝ հանցագործության մասին ԶԼՄ հրապարակումների հիման վրա քրեական գործի հարուցմանը՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի:
«Մեդիալաբ» կայքի փոխանցմամբ՝ հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ոստիկանները խոչընդոտել են նաև կայքի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանի աշխատանքը, արգելել են նկարահանել, հրել են, հայհոյել ու սպառնացել:
Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը հունիսի 17-ին դաժան ծեծի էր ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից, որի արդյունքում, ուշքի չգալով, հունիսի 29-ին մահացել էր:
Նրա մահվանից օրեր անց՝ հուլիսի 3-ին, Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել և հայտարարել, որ ինքն առաջին հերթին իրեն է մեղադրում Վահեի մահվան մեջ, քանի որ պիտի կանխեր այդ դժբախտությունը, բայց չի կարողացել:
Հուլիսի 9-ին հայտարարություն է տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իրավապաշտպանների նկատմամբ, և ոստիկանությանը խնդրում ենք ապահովել Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքների օբյեկտիվ և հրապարակային քննություն»,- ասված է պաշտպանի հայտարարության մեջ:
Նա կոչ է արել բոլոր կողմերին «պահպանել օրինականությունն ու իրավաչափությունը իրենց բոլոր գործողություններում և զերծ մնալ իրավիճակի ավելորդ սրացումից»:
Այսօր հայտարարությամբ են հադես եկել նաև «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները՝ հրապարակելով իրենց քաղաքացիական պայքարի նպատակները: Դրանք են՝
• Ռուբեն Հայրապետյանը և նրա կամակատարները պետք է փոխհատուցեն Վահե Ավետյանի ընտանիքին հասցված նյութական և բարոյական վնասը.
• Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից.
• Ռուբեն Հայրապետյանը պետք է օրենքի ուժով կրի իր արարքներին համարժեք պատիժ, քանի որ այդ անձը ուղղակի պատասխանատու է քրեածին վարքագիծ ունեցող անձանց՝ իր թիկնազորում աշխատանքի ընդունելու և իր հանրային ելույթներով ու բռնությամբ ինքնադատաստան տեսնելու կենսակերպով նրանց աշխատելաոճը ձևավորելու համար.
• Հանրությունը պետք է հրաժարվի Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերությունների արտադրած ապրանքներից ու մատուցած ծառայություններից:
Հայտարարության մեջ ասված է, որ ՀՀ քաղաքացիաներն այլևս չպետք է հանդուրժեն պետության համապատասխան օղակների թողտվությունը:
«Ինքնակազմակերպվելով՝ քայլ առ քայլ և հետևողական գործողություններով մենք պետք է հասնենք Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած և սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության կանչմանը»,- հայտարարում է նախաձեռնող խումբը։
