ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կուսումնասիրի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կուսումնասիրի մարդու
իրավունքների վիճակը Հայաստանում: Ուսումնասիրության ուղիղ հեռարձակմանը
կարելի է հետևել ինտերնետի միջոցով հուլիսի 16-ին և 17-ին. այս մասին տեղեկացնում է ՄԱԿ–ի հայաստանյան կայքը։
Հայաստանը մեկն է այն 167 պետությունից, որ միացել է Քաղաքացիական և
քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, և ենթակա է մարդու
իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների
կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թ.:
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 16-ին՝ ժամը 17:00-19:00, և
հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-15:00 (տեղական ժամանակով): 18 անկախ փորձագետից
բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն՝
Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:
Հարցերի այն շրջանակը, որոնք, ամենայն հավանականությամբ, կդառնան երկխոսության առարկա, կարելի է գտնել այստեղ:
Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել
պետական զեկույց՝ մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած
պարտավորությունների կատարման վերաբերյալ: Մի շարք ոչ կառավարական
կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի
ուշադրությանը:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել այստեղ:
Մարդու իրավունքների հանձնաժողովի Հայաստանի մասին եզրափակիչ դիտարկումները հասանելի կլինեն հուլիսի 27-ին այստեղ, որից հետո հանձնաժողովի անդամների հետ հնարավոր կլինի հարցազրույցներ կազմակերպել:
