Ծնողները վճարում են անվճար բժշկական ծառայությունների համար

Չնայած հաշմանդամ երեխաների բուժումն անվճար է Հայաստանում, Կապանում կան ծնողներ, ովքեր բուժման համար վճարում են 5–600 հազար դրամ:

Այս տվյալները հրապարակվել են Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի տարածքային զարգացման ծրագրի իրականացրած «Հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկումը Կապանում» զեկույցում, ինչի շուրջ քննարկում տեղի ունեցավ հուլիսի 3-ին Կապան քաղաքում:

Զեկույցի համար հիմք են դարձել Կապանի ու մերձակա գյուղերի, նաև Քաջարան քաղաքի 90 հաշմանդամ երեխաների ծնողների կամ հարազատների հետ անցկացված հարցազրույցները: Հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկումն իրականացնող բուժանձնակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ 6 ընտանեկան բժիշկներ նույնպես պատասխանել են հարցումների:

Արդյունքում պարզվել է, որ թերապիայի համար 11 մարդ վճարել է 5000 - 90.000 դրամ,  4 հոգի խորհրդատվության համար վճարել է 20- 50.000 դրամ: 20 հոգի դեղորայքի համար ծախսել է 5000 - 160.000 դրամ, տարբեր սարքավորումներ ձեռք բերելու համար 12 հոգի ծախսել է 13.000 - 600.000դրամ: Վերականգնողական բուժման համար 6 ծնողի վճարել է 15.000 - 250.000։

Հարցումների արդյունքները՝ աղյուսակում.

«Վերականգնողական բուժում մեր տարածքում չի իրականացվում, այն դեպքում երբ երեխաները դրա կարիքվ ունեն, իսկ վճարովի ծառայություններից ծնողները չեն կարող օգտվել, քանի որ ունեն սոցիալական խնդիրներ: Արդյունքում հարցման մասնակիցների 45,6%-ը դիմում է բժշկի կես տարին մեկ, իսկ 28,9 %-ը` տարին մեկ անգամ»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի ՏԶԾ-ի մասնագետ Անուշ Մեժլումյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով՝ պետությունը ճանաչում է երեխայի` առողջապահության առավել կատարյալ ստանդարտներից և հիվանդությունների բուժման ու առողջության վերականգնման ծառայություններից օգտվելու իրավունքը:

Իսկ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են գիտակցել, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր որակի ծառայությունների ստացման իրավունք: Այս իրավունքները սահմամնված են նաև տեղական օրենսդրությամբ:

Սյունիքի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նանե Գևորգյանը բացառում է, որ ծնողները գումար են ծախսում բուժման համար, եթե տիրապետում են կանոնակարգին: Նրա համոզմամբ՝ ծնողներից շատերը չգիտեն, որ պետք է երեխային պարբերաբար տանել բուժող կոնկրետ բժշկի մոտ, ով էլ երեխային կուղեգրի՝ համապատասխան բուժումներ ստանալու:

«Տարեկան մեկ–երկու դեպք է լինում, երբ անհրաժեշտ է լինում նոր թանկարժեք տեխնոլոգիաներ կիրառել, որոնք պետությունը մասնակի վճարում է: Եթե ծնողները հետևել են կանոնակարգին և ուղեգրվելուց հետո վճարվել են, ես պատրաստ եմ այդ բոլոր դեպքերում մինչև նախարարության մակարդակով այդ հարցը բարձրացնել»,- հայտնում է Գևորգյանը:

Երեխաների մեծ մասը բուժումը ստանում է մայրաքաղաքի հիվանդանոցներում, որովհետևԿապանի հիվանդանոցը և պոլիկլինիկան չունեն նրանց սպասարկելու համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ: Դա հատկապես վերաբերում է վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ ծառայություններին, նաև ծանր վիրահատություններին: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհրաժեշտ դեղորայքի զգալի մասն արտոնագրված չէ ՀՀ-ում և հնարավոր է գնել միայն որոշ դեղատներում կամ հանրապետությունից դուրս:

Կապանի պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Ռիտա Թադևոսյանը հայտնում է, որ իրենց հնարավորությունները սուղ են, և նրանք չեն կարող նշանակել ավելի արդյունավետ դեղեր, քանի որ դրանք թանկ են:

«Մենք դիմել ենք նախարարություն, որ թույլատրեն նաև ավելի արդյունավետ դեղորայքներ անվճար նշանակել: Իսկ ինչ վերաբերում է վերականգնողական բուժմանը, մենք ունենք մանկական կաթվածով 22 երեխաներ, ովքեր տարվա մեջ 2-3 անգամ վերականգնողական բուժում են ստանում»,- ասում է Թադևոսյանը:

Զեկույցն անդրադարձել է նաև հետևյալ թերությանը. Կապանում և Քաջարանում հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ առանձնացված տվյալների բազա գոյություն չունի, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկման վերաբերյալ վիճակագրական տվյալները չեն գրանցվում: Նշված 186 հասցեներից 30-ի դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաների բնակության վայրը չի համապատասխանում փաստացի բնակության վայրին:

«Կապանի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում և Կապանի պոլիկլինիկայում չկան թեքահարթակներ, իսկ բուժզննման սենյակները հիմնականում գտնվում են երկրորդ և երրորդ հարկերում, չկան վերելակներ: Հիվանդների համար թեև կային բավարար թվով նստարաններ, սակայն դրանք հին են և ոչ հարմարավետ նստելու համար, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Սանհանգույցների վիճակը բավարար է, սակայն դրանք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին»,- նշված է զեկույցի մեջ:

Առկա է հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակությանն ինտեգրելու խնդիրը, ծնողները որոշ դեպքերում խուսափում են նրանց ուսումնական հաստատություններ ուղարկել, արգելում են այցելել հասարակական վայրեր:

Մոնիտորինգն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի տարածքային զարգացման ծրագրի կողմից «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն։

Զառա Սահակյան



Կարինե Իոնեսյան

Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի