Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն կայցելի Հայաստան

ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն 2013թ. կայցելի Հայաստան. այս մասին www.hra.am –ին հայտնեց ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը:

Այցելությունը կրելու է խորհրդատվական բնույթ, նպատակն է՝ ծանոթանալ Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմին:

Ենթակոմիտեի պատվիրակությունը կգնահատի, թե որքանով է Հայաստանը կատարել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմամբ ստանձնած պարտավորությունները՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստեղծման և գործարկման առումով, ինչպես է ապահովել այդ մարմնի աշխատանքն այս տարիների ընթացքում և այլն:

Սա ենթակոմիտեի առաջին այցելությունն է լինելու Հայաստան: Արման Դանիելյանը հույս ունի, որ այն կնպաստի Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ավելի արդյունավետ գործունեությանը:

«Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմը դեռ լիարժեք չի գործում: Չնայած վերջին ամիսներին դրական տեղաշարժեր կան, բայց արդյունքները դեռ շոշափելի չեն և հասարակությանը չեն ներկայացվել»,- այսպես է գնահատում Արման Դանիելյանը:

ՄԱԿ-ի «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2006թ մայիսի 31-ին:

Արձանագրության վավերացումից հետո՝ 2008թ., ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին կից ստեղծվել է Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման Դանիելյանը 2010թ. ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ: Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներից միակն է, որ ընդգրկված է 25 անդամ ունեցող ենթակոմիտեում:

Նշենք, որ վաղը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ները՝ Փաստաբանների պալատի հետ համատեղ, նախաձեռնում են  «Աշխարհն առանց խոշտանգումների» թեմայով համաժողով: