Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների

«Հեռավոր համայնքներում մարդու իրավունքների մասին պատկերացումները շատ թույլ են. մարդիկ չգիտեն իրենց իրավունքները և չգիտեն՝ ում դիմել դրանք վերականգնելու համար։ Ուստի շատ կարևոր էր այս դասընթացը. ծրագրի շրջանակում ստացած մեր գիտելիքները կիսում ենք մեր գործընկերների հետ՝ տեղեկացնում նրանց իրենց իրավունքների և դրանց իրացման մասին։»,– նշում է Արմեն Շահնազարյան՝ «Երիտասարդ Տավուշ» համայնքային ՀԿ–ի ղեկավարը, ով մասնկացում է «Համայքների ձայնը հանուն մարդու իրավունքների» ծրագրի շրջանակում մարդու իրավունքների թեմայով դասընթացների շարքին։

Այս ծրագրի շրջանակում Վորլդ Վիժն Հայաստանի մարզային կառույցների ներկայացուցիչները զարգացնում են շահերի պաշտպանության իրենց կարողությունները։

«Ծրագրի նպատակը Վորլդ Վիժն Հայաստանի համայնքային կառույցների ակտիվիստներին ծանոթացնելն է մարդու իրավունքներին, իրավունքների պաշտպանության մեխանիզմներին՝ շեշտը դնելով հատկապես քաղաքացիական և քաղաքական իրավունքների վրա։ Շահերի պաշտպանության բնագավառում հմտություններ սովորեցնելով, այդ թվում՝ մարդու իրավունքների մոնիթորինգի մեխանիզմները, նրանք մասնագիտացված մոնիթորինգներ կիրականացնեն և դրա հիման վրա կիրականացնեն շահերի պաշտպանություն»,- 2011թ. ապրիլին՝ դասընթացների մեկնարկին, նշել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Պարբերական դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են մարդու հիմնարար իրավունքներին, դրանք պաշտպանելու մեխանիզմներին, ուսումնասիրել են մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները՝ դիմելու ձևը, գործերի քննման կարգը և այլն:

«Մարդու իրավունքների բնագավառում կոնկրետ ոչինչ չգիտեի մինչև այս դասընթացը. որն է խախտում, որ դեպքերում ինչ պետք է անել։ Այս տեսանկյունից մեծ աջակցություն էր՝ հետագայում կիմանաք,թե երբ ինչ պետք է արվի»,– ասում է Արման Հակոբյանը՝ Ստեփանավանի տարածքային զարգացման ծրագրի (ՏԶԾ) համայնքային զարգացման մասնագետը։

«Ես շատ քիչ տեղեկացված էի շահերի պաշտպանության մասին։ Բավականին շատ ինֆորմացիա ստացա՝ ինչ է այն և ինչպես իրականացնել շահերի պաշտպանություն։ Վստահ եմ, որ մեր հետագա գործունեության համար շատ կարևոր էր և օգտակար»,– հավելում է Անուշ Մեժլումյանը՝ Կապանի ՏԶԾ տրանֆորմացիոն զարգացման համակարգողը։

Դասընթացի մասնակիցների հերթական հանդիպումը հունիսի 11-15-ին էր, որի ընթացքում նրանք մեկ անգամ ևս մանրամասն ծանոթացան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի աշխատակարգերին, ինչպես նաև ծանոթացան հասարակական կազմակերպությունների զարգացման հնարավոր փուլերին: Մասնակիցներին ներկայացվեց նաև հոլանդացի գիտնական Լեքս Բոսսի «Նախաձեռնության 12 վիշապների» տեսությունը։

Այնուհետև մասնակիցները գործնական աշխատանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ենթադրյալ մի նիստին՝ հանդես եկան դատավորների, դիմողի և պետության ներկայացուցիչների դերում՝ հիմնավորելով մարդու իրավունքների խախտումները փաստերով և հակափաստարկներով:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ Աիդա Մուրադյանը, Սերգեյ Հարությունյանը, Աննա Սաֆարյանը և փորձագետ Աշոտ Գևորգյանը։ Նրանք ներկայացրեցին ՄԻՊ լիազորությունները, մարզային ներկայացուցչությունների գործառույթները, ինչպես նաև ՄԻՊ-քաղաքացիական հասարակություն և ՄԻՊ-պետական մարմիններ փոխհարաբերությունները: Առանձին ներկայացումներ և քննարկումներ եղան կանանց, փոքրամասնությունների և հաշմանդամների իրավունքների պաշտպանության ոլորտներում առկա հիմնախնդիրների, նրանց իրավունքների խախտումների և դրանք վերացնելուն ուղղված աշխատանքներին խոչընդոտող գործոնների շուրջ:

Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր այն մասին, որ մասնակցել են մարդու իրավունքների թեմայով դասընթացների շարքի:

Դասընթացի շրջանակում ծանոթանալով մոնիթորինգ իրականացնելու մեթոդներին ու արդյունքների ամփոփմանը՝ մարզային ներկայացուցիչները յուրաքանչյուրն իր մարզում իրականացրել է մոնիթորինգ մարդու կոնկրետ իրավունքի խախտման վերաբերյալ և արդյունքների հիման վրա հրապարակել զեկույց։

«Սա շատ լավ հնարավորություն էր ոչ միայն զուտ գիտելիքներ ստանալու, այլ՝ գործնականում կիրառելու մեխանիզմներին ծանոթանալու համար։ Արդյունքում մենք իրականացրինք մոնիթորինգ, հրապարակեցինք զեկույցներ. շատերիս համար դա առաջին հրապարկումն է։ Մենք մինչև այն հրապարակելն արդեն իսկ սկսեցինք համագործակցել տեղական մարմինների հետ, արդյունքները քննարկել և հնարավոր լուծումներ ապահովել»,– ասում է Մարիամ Մուրադյանը՝ Գավառի «Նախաձեռնությունների և գործողությունների դաշտավայր» ՀԿ սոցիալական ախատողը։

Զեկույցների շնորհանդեսներին զուգահեռ իրականացվում է քննարկում՝ պետական համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փորձելով խնդիրներին համատեղ լուծումներ գտնել։

«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի հետ համատեղ: