ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երբ տուժողը դառնում է մեղադրյալ

Հունիսի 12-ին քրեական գործ է հարուցվել Հելսինկյան ասոցիացիայի
դիտորդ Արման Վեզիրյանի դեմ` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծը
կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել
է ստորագրություն չհեռանալու մասին:
Վեզիրյանը մեղադրվում է ապրիլի 30-ին նախընտրական քարոզչության
շրջանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ քաղաքացի Տիգրան Մանուկյանին հարվածելու մեջ:
Մինչև հունիսի 12-ը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդը նույն գործով տուժողի կարգավիճակում
էր:
Միջադեպի մասին Արման Վեզիրյանը www.hra.am –ին պատմեց,
որ ապրիլի 30-ին ինքը որպես դիտորդ ներկա է եղել Հայ ազգային կոնգրեսի թեկնածուներից մեկի ներկայացուցչի կողմից քարոզչանյութերի
բաժանմանը: Երևանի Սեդրակ Սարգսյան փողոցի 126/1 տան բակում մի տղամարդ, տեսնելով,
որ դռան մոտ քարոզչանյութ են դնում, դուրս է եկել և սկսել է գոռգոռալ:
Նյութեր բաժանող 18-ամյա երիտասարդը ներողություն է խնդրել և
դուրս է եկել բակից: «Հետևից ագրեսիվ տոնով գոռաց, թե՝ արի՛, վերցրո՛ւ բուկլետը: Ես
դարպասի մոտ էի կանգնած, չթողեցի, որ էդ երեխան մոտենա, ինքս մոտեցա, որ քարոզչանյութը
վերցնեմ ու գնանք: Ու, միանգամից՝ առանց բան ասելու, հայհոյանք ու հարված դեմքիս»,-
պատմում է Արման Վեզիրյանը:
Նույն օրը նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Երեկոյան
ոստիկանությունը գտել է դիտորդի նկատմամբ բռնություն կիրառած Տիգրան Մանուկյանին և
հարցաքննել:
Մայիսի 15-ին ՀԿԳ ավագ քննիչ Կ.Վ.Շառոյանը որոշում է կայացրել
Տիգրան Մանուկյանի կողմից Արման Վեզիրյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն:
Որոշման մեջ գրված է, որ Տիգրան Մանուկյանը «մարմնական վնասվածք
պատճառելու դիտավորությամբ երկու անգամ բռունցքով հարվածել է Ա.Վեզիրյանի դեմքին և
ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձևով, վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի
հատկանիշներ չպարունակող վնաս»:
Վնասվածքները դատաբժիշկն արձանագրել է մայիսի 1-ին: Արման Վեզիրյանի
խոսքերով՝ ինքը Տիգրան Մանուկյանին չի հարվածել. «Ես ընդամենը աջ ձեռքով իր կրծքավանդակից
պահել եմ, որ չմոտենա ինձ»:
Իսկ Մանուկյանը հարցաքննության հենց առաջին օրվանից ասել է,
որ թեև բարձր տոնով է խոսել դիտորդի հետ, սակայն չի հարվածել նրան, հակառակը՝ Արման
Վեզիրյանն է իրեն հարվածել:
Մանուկյանին նույնպես դատաբժշկական ուղեգիր են տվել: Դատաբժիշկը
նրա ճակատի ձախ կողմում արձանագրել է քերծվածք, սակայն Վերզիրյանի դեմ քրեական գործ
չի հարուցվել:
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցն իր վստահորդի
դեմ քրեական գործի հարուցումը բացատրում է մեղադրանքի ծավալը փոխելու միջնորդության
հետ:
Մայիսի 25-ին նա միջնորդել է, որպեսզի Մանուկյանին առաջադրված
մեղադրանքը լրացվի Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին
կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը),
քանի որ միջադեպը տեղի է ունեցել նախընտրական շրջանում դիտորդական լիազորություններ
կատարելիս:
Այս միջնորդությունը քննիչը և դատախազը մերժել են: Փոխարենը
հունիսի 12-ին քրեական գործ է հարուցվել Արման Վեզիրյանի դեմ:
«Մեր իշխանությունները չեն ցանկանում անգամ քննարկել որևէ երևույթ՝
կապված ընտրությունների հետ: Փորձեցին հաշտեցնել, լռեցնել, գործը փակել, բայց քանի
որ չստացվեց, փորձեցին այս կերպ լուծել խնդիրը»,- լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում
այպես է մեկնաբանել փաստաբանը:
www.hra.am –ի հետ
զրույցում Արման Վեզիրյանն ասաց, որ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելիս քննիչն
իրեն առաջարկել է բողոքը հետ վերցնել: «Ասեց՝ բարիշեք, գործը փակենք, գնա»,- պատմում է Վեզիրյանը: Նրա խոսքերով՝ Տիգրան Մանուկյանի
բարեկամներն են քանիցս զանգել, դիմել իրեն, որ բողոքը հետ վերցնի:
Սակայն Արման Վեզիրյանը վճռական է տրամադրված. «Ես իմ բողոքը
հետ չեմ վերցնելու և շարունակելու եմ մինչև վերջ: Մեղադրյալ՝ մեղադրյալ: Թող դատարանը
որոշի՝ ով է մեղավոր»:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով որպես
պատիժ նախատեսված է տուգանք՝ առավելագույնը 100.000 դրամ կամ կալանք՝ առավելագույնը
2 ամիս ժամեկտով:
Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
