Ամբաստանյալը 7 օր պահվել է Ռազմական ոստիկանությունում՝ առանց իմանալու իր կարգավիճակը

Արտակ Նազարյանի մահվան գործով ամբաստանյալ,
«Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը հունիսի 12-ին կայացած 
դատական նիստի ժամանակ հրաժարվեց նախաքննության
ընթացքում տված իր ցուցմունքներից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը
դատարանում ամբաստանյալին հարցրեց, թե ինչո՞ւ է հրաժարվում իր նախաքննական ցուցմունքից,
եթե իր նկատմամբ Ռազմական ոստիկանությունում բռնություն չի գործադրվել:

«Այդտեղ ի՞նչ կա, ո՞նց է գրված, ես գործին տեղյակ չեմ: Ինչ-որ
գրված է` ինձ հետաքիքր չէ, կարող է բաներ կան, որ ստորագրել եմ, բայց չեմ նայել: Ես
դատարանում ճիշտ  եմ ասում»,- պատասխանել է
Վահագն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկումՂոզլու»), որի ավագն էր:

Նախաքննությունն ավարտված է, և  գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցներիոչնչացում և կեղծում:

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակիԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը:

Հայրապետյանը դատարանում պատմեց, որ դեպքից հետո իրեն տարել
են Ռազմական ոստիկանություն, ուր կալանքի տակ է եղել 7 օր՝ չիմանալով իր իրավական կարգավիճակը:
Նա նաև ասաց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո ինքը երկու ամիս եղել  է Պաշտպանության նախարարության կադրերի տրամադրության
տակ, հետո վերականգնվել է նրա ծառայությունը նույն զորամասում, և միայն 8 ամիս անց է ձերբակալվել:

Ամբաստանյալ Հայրապետյանը դատարանում նշեց, որ  չի հասկանում՝ ինչու են իրեն նման
մեղադրանք վերագրել: Անդրադառնալով 2010թ. հուլիսի 19-ին Հակոբ Մանուկյանի և լեյտենանտ
Արտակ Նազարյանի միջև տեղի ունեցած կռվին՝ նա ասաց, որ ինքը չի հարվածել Նազարյանին,
այլ՝ բաժանել է նրանց, և պատճառ չի ունեցել Նազարյանին հարվածելու:

Մինչդեռ դատարանում ցուցմունքներ տված 4 վկաներից 3-ը պնդել
էին, որ Վահագն Հայրապետյանը վեճի ժամանակ հարվածել է Նազարյանին:

Դատավոր Սամվել Մարդանյանի այն հարցին, որ եթե բռնություններ
չեն եղել, ապա ի՞նչ  պատճառով է Նազարյանը կյանքից
հեռացել, Հայրապետյանը պատասխանեց՝ «չեմ կարող ասել»:

Ամբաստանյալը դատարանում նաև նշեց, որ ինքը լավ հարաբերությունների
մեջ է եղել Արտակ Նազարյանի հետ: Նազարյանն էլ շատ է սիրել իր զինվորներին, մտերիմ է եղել նրանց
հետ և հարթել է զիվորների և սպաների միջև առաջացած խնդիրները:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին: Կհարցաքննվեն ամբաստանալներ
Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը:

Ոսկան Սարգսյան


Իջևան