ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանում ցուցմունք կտա գործով ենթադրյալ պարտատերը
«Մոսկվա» կինոթատրոնիցգողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի 2 նախկին խցակիցները հաստատեցին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ բերվելու օրը Հովակիմյանը գանգատվել է մեջքի ցավերից, որի պատճառով 3 օր անց է կացրել է անկողնում: Հունիսի 13-ին կայացած հերթական դատական նիստի ժամանակ Հովակիմյանի նախկին խցակիցներ Արթուր Մարտիրոսյանն ուԱրթուր Սուքիասյանը նաև հայտնեցին, որ հավատում են Հովակիմյանի խոսքերին, որ ինքը գողություն չի կատարել ու ինքնախոստովանական ցուցմունք է տվել ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից կատարված խոշտանգումների հետևանքով: Վկաները դժվարացան հիշել որևէ մարմնական վնասվածք Հովակիմյանի մարմնի վրա՝ պատճառաբանելով, որ ուղղակի չեն հիշում: Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, Հովակիմյանի պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով: Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել, որ դատարանում հարցաքննվեն Հովակիմյանի նախկին 3 խցակիցները, ովքեր այժմ Կոշի և Գորիսի քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ դեռ բանակցում են քրեակատարողական հիմնարկի տնօրինության հետ երրորդ խցակցին՝ Կարեն Կարապետյանին, դատարան բերելու վերաբերյալ: Մինչև այդ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի 2 միջնորդությունները: Դրանց համաձայն՝ հաջորդ դատական նիստի ընթացքում կհարցաքննվեն գործով վկա, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արփենիկ Վարդանյանը և այս գործով արդեն մեկ անգամ հարցաքննված Արմեն Պապյանը, որպեսզի Քերոբյանի՝ դատական գործընթացին նոր ներգրավված պաշտպանները լրացուցիչ հարցեր տալու հնարավորություն ունենան: Հիշեցնենք, որ Պապյանը հոկտեմբերի 21-ին կայացած դատական նիստի ընթացքում նշել էր, որգողությունը կատարելու ժամանակահատվածում ինքը Ստեփան Հովակիմյանի հետ եղել է Եզնիկ Կողբացի փողոցի վրա գտնվող բուքմեյքերական գրասենյակում և կատարել է խաղադրույքներ: Քերոբյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք ցանկանում են հարցնել վկային, թե արդյոք տեսե՞լ է, որ Հովակիմյանը զանգեր կատարի կամ ստանա այդ ընթացքում և եթե այո, ապա լսե՞լ է արդյոք՝ ինչ թեմայով է խոսում իր ընկերը և ում հետ: ՌԴ-ում բնակվող Արփենիկ Վարդանյանն այն պարտատերն է, ում մասին նշել է Հովակիմյանն իր ինքնախոստովանական ցուցմունքում. որ գումար է պարտք եղել նրան, դրա համար էլ կատարել է գողություն: Վարդանյանը փաստաբան Տիգրան Սաֆարյանին փոխանցել է, որ Հովակիմյանն իրեն ոչ մի գումար էլ պարտք չի եղել: Մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանը հայտարարեց, թե պաշտպանական կողմը պայմանավորված վկա է ուզում բերել: Դատավորը սա որպես վիրավորական արտահայտություն չորակեց՝ նշելով, թե դատախազը միգուցե ունի ապացույցներ: Սակայն դատախազը ոչ մի ապացույց էլ չներկայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին:
