ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Վկաներից ապացույցներ եք կորզել անմարդկային պայմաններում»
Դատարանն ուսումնասիրեց Արտակ Նազարյանի մահվան գործով վկա Արթուր Մկրտչյանի հարցազրույցի տեսագրությունը. հարցազրույցի որ հատվածը գործին կկցվի՝ որպես ապացույց, դատավոր Մարդանյանը կորոշի դատավարության հաջորդ փուլերում։
Հունիսի 6-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեց վկա Արթուր Մկրտչյանի «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին տված հարցազրույցի տեսագրությունը:
Այդ հարցազրույցում Արթուր Մկրտչյանն ասում է, որ քննիչները Բերդի ոստիկանությունում իրեն ծեծել են, որ Մադաթյան Սաքոն և մեկ ուրիշը, որի անունը չէր հիշում, ծեծելով իրեն ստիպել են կեղծ ցուցմունք տալ, և հավելում է՝ «տղերքը մեղավոր չեն»: «Տղերքը» ասելով՝ նա ի նկատի ունի գործով ամբաստանյալներ Ադիբեկ Հովհաննիսյանին, Մխիթար Մխիթարյանին և Հարութիկ Կիրակոսյանին:
Հարցազրույցում Ա. Մկրտչյանը վկայում է , որ Ռազմական ոստիկանությունում ծեծել են գործում ներգրավված բոլոր զինծառայողներին, այդ թվում՝ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանին: Վերջինիս պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ հարցազրույցում Ա. Մկրտչյանի արած այն պնդումները, թե Հակոբ Մանուկյանը մի քանի անգամ ծեծել է Արտակ Նազարյանին, ճիշտ չեն, իր պաշտպանյալը Ա. Նազարյանին չի ծեծել. նրանք վիճել են որպես հավասար կողմեր և այդ վեճերը չէին կարող Ա. Նազարյանին ինքնասպանության մղել:
Հրանտ Գևորգյանը՝ նշելով, որ վկա Արթուր Մկրտչյանը 31 օր անազատության և ճնշման տակ է եղել, անազատության մեջ եղել է նաև նրա եղբայրը դատարանում հայտարարեց. «Դուք ինքներդ գիտեք, որ դատարան գործ եք բերել այն պարագայում, երբ վկաներին հարցաքննել եք, ապացույցներ եք կորզել անմարդկային պայմաններում: Ես չեմ որպես իրավաբան ձեզ չհիշեցնելու և Եվրոպական կոնվենցիան, և ՄԱԿ-ի կոնվենցիան, և ՀՀ սահմանադրությունն ու Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը»:
Պաշտպանը դատարանին միջնորդեց ձայնագրության այն հատվածը, ուր Ա. Մկրտչյանը հայտարարել է Ռազմական ոստիկանությունում ծեծի և ճնշման ենթարկվելու մասին, ճանաչել որպես ապացույց: Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանն էլ միջնորդեց տեսաերիզը կցել գործին, քանի որ վկան հարցազրույցի ժամանակ անկաշկանդ պատասխանելով լրագրողի հարցերին, հայտարարել է՝ ամբաստանյալ զինծառայողներն անմեղ են:
Մեղադրողներ Հայկ Հարոյանը և Հարություն Հարությունյանը դեմ էին տեսաերիզը որպես ապացույց գործին կցելուն: Նրանց խոսքերով՝ այդ հարցազրույցը վկան տվել է ամբաստանյալների ծնողների ճնշման տակ, որ Ա. Մկրտչյանը ճշմարտությունն ասել է դատարանում, ուր նա ստորագրել է սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ:
Գործով առանցքային մյուս վկայի՝ Արման Մնացականյանի վերաբերյալ դատարանը ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետից գրություն էր ստացել. Մնացականյանը ամբուլատոր բուժման մեջ է՝ սրտի ռիթմի խանգարման պատճառով:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց ստուգել, իր կարծիքով, առողջ և առույգ վկա Արման Մնացականյանի առողջական վիճակը՝ բժշկական հանձնաժողովի փորձաքննությամբ:
Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանն էլ դատարանին միջնորդեց դատատեսաձայնագրային փորձաքննության ենթարկել գործով վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաերիզը:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց նաև դատական նիստերն արտագնա կարգով Երևանում անցկացնելու վերաբերյալ, քանի որ գործում ներգրավված բոլոր կողմերի համար այդպես ավելի հարմար է, Երևանում նիստերն ավելի հաճախակի կանցկացվեն:
Դատավոր Մարդանյանն իր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մերժեց նիստերը Երևանում անցկացնելու միջնորդությունը, ասելով, որ հետագայում ևս կարող են անդրադառնալ այդ միջնորդությանը:
Հրանտ Գևորգյանի՝ դատատեսաձայնագրային փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ և Ռուբեն Մարտիրոսյանի՝ Արման Մնացականյանի առողջական վիճակը բժշկական հանձնաժողովի կողմից ստուգելու մասին միջնորդությունների մասին դատարանը որոշում կկայացնի դատավարության հետագա փուլերում:
Դատաքննությունը կշարունակվի հունիսի 12-ին:
Ոսկան Սարգսյան
Իջևան
