ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
11 դպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթություն ստանալու իրավունքից

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներում կա դրամահավաքի երևույթ՝ առանց լիարժեք թափանցիկության։ Այս խնդրի մասին բարձրաձայնեցին Վորլդ Վիժն Հայաստանի Վարդենիսի տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) աշխատակիցները «Երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունը Գեղարքունիքի մարզի Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում» զեկույցի ներկայացում-քննարկման ժամանակ՝ հունիսի 5-ին:
Վարդենիսի Տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական աշխատող Լիաննա Հարությունյանը նշեց, որ մոնիթորինգ է իրականացվել իրենց տարածաշրջանի 4 դպրոցներում։ Հարցաթերթիկային հարցումներ են անցկացվել 40 աշակերտների, 40 ծնողների, 4 տնօրենների և 20 ուսուցիչների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ դրամահավաքի իրականացումը դպրոցներում կատարվում է ոչ թափանցիկ ձևով, այսինքն՝ ծնողները տեղյակ չեն, թե իրենց տված գումարները կոնկրետ ինչ նպատակներով են օգտագործվում։
Մոնիթորինգ իրականացնողերը համոզված են, որ պետք է ստեղծել հաշվետվողականության թափանցիկ համակարգ, օրենքով կարգավորել դասագրքերի անվճար տրամադրումը սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցական բոլոր տարիքի երեխաների համար։ Պետք է դպրոցներում բարձրացնել ֆոնդահայթայթման գիտելիքների մակարդակը, որ դպրոցը կարողանա գումարներ ստանալ այլ աղբյուրներից, այլ ոչ թե ծնողներից:
Սարուխան գյուղի թիվ 1 դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը մեծ հաճույքով պատրաստ է իրագործել վերոնշյալ առաջարկները, սակայն նշում է, որ պետությունն իրենց ձեռքերը կապում է նրանով, որ 20 տոկոս շահութահարկ է պահանջում, երբ ծնողները ներդրում են իրականացնում: Այսինքն՝ ծնողները գումար են հավաքում ու պարտադրված են լինում նաև դրա համար շահութահարկ վճարել, եթե այդ ամենը անցկացվում է օրենքի շրջանակներում: Արդյունքում դպրոցները գերադասում են չգրանցել դրամական փոխանցումներն ավելորդ ծախսերից խուսափելու համար:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ դրամահավաքը դպրոցներում ընդհանրապես պետք է արգելել, բայց քանի որ այժմ օրենսդրական առումով այդ երևույթի համար խոչընդոտներ չկան, առաջարկում է, որ գոնե գաղտնիություն ապահովվի դպրոցում, ու ոչ մեկ չիմանա՝ ովքեր են սոցիալապես անապահով երեխաները, ովքեր գումար չեն մուծում, քանի որ այդ դեպքում ճնշում է լինում երեխաների նկատմամբ՝ նրանց հաճախ ծաղրում են:
Մյուս ուսումնասիրությունը, որն իրականացվել է Գեղարքունիքի մարզի Գավառի և Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի համայնքներում վերաբերում է երեխայի պարտադիր կրթությունից լիովին կամ մասամբ դուրս մնալու խնդրին։ Այն ներկայացրեցին «Նախաձեռնությունների և գործողությունների դաշտավայր» ՀԿ-ի անդամները։
Ուսումնասիրությունն իրականացվել է երկու մարզերի 14 դպրոցներում, արդյունքում բացահայտվել է դպրոց չհաճախող 11 երեխա։ Մոնիթորինգ իրականացնողները համոզված են, որ ամբողջ մարզի մակարդակով այդ թիվը շատ ավելին է կազմում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նորայր Հովհաննիսյանը նշեց , որ իրենց մարզում ոչ մի երեխա չի զրկվում կրթություն ստանալու իրավունքից, այն դեպքում, երբ հասարակական կազմակերպությունները միայն 6 երեխա հայտնաբերել են հենց Գեղարքունիքի մարզում:
Մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարց բարձրացրեցին, թե ինչպես են մարզպետարանում նշում, որ մարզում ոչ մի երեխա չի զրկվում կրթություն ստանալու իրավունքից, երբ իրենք ներկայացնում են հակառակն ապացուցող փաստեր:
«Մեր տվյալներով՝ նման երեխաներ չկան, եթե դուք ունեք տվյալներ, ներկայացրեք մարզպետարան»,- ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ մոնիթորինգի տվյալներն արդեն գտնվում են մարզպետարանում: Մոնիթորինգի արդյունքները հաստատում են, որ երեխաների՝ դպրոց չհաճախելու 3 հիմնական պատճառները հետևյալն են՝ սոցիալական անապահովությունը, մասնակցությունը գյուղական սեզոնային աշխատանքներին և կրթության առանձնահատուկ կարիք ունենալը:
«Նախաձեռնությունների և գործողությունների դաշտավայր» ՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի Գավառի տարածքային զարգացման ծրագրի աշխատակիցները հույս հայտնեցին, որ իրենց ներկայացրած խնդիրները լուծում կստանան, քանի որ իրենց ուսումնասիրություններն ուղարկվել են ոչ միայն մարզպետարան, այլ նաև այլ համապատասխան պետական մարմինների:
«Բոլոր օղակները պետք է համագործակցեն ցանկալի արդյունք ստանալու համար՝ դպրոցներ, ծնողներ, ուսուցիչներ, պետական վերահսկող կառույցներ ու հասարակական կազմակերպություններ»,– առաջարկեց Արման Դանիելյանը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահը։
Մոնիտորինգներն իրականացվել են «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն։
