Զոհեր և վիրավորներ պաշտպանական դիրքերում

Ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով՝ 3 զոհ և 6 վիրավոր ՀՀ բանակում

Հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում գիշերային դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, հակառակորդը, կորուստներ տալով, ետ է քաշվել. այս մասին www.hra.am –ին փոխանցեցին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:

Ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմը նույնպես կորուստ է ունեցել՝ 3 զոհ և 6 վիրավոր:

Զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ.

1992թ. ծնված Հրաչ Սամվելի Սարգսյանը՝ զորակոչված Գյումրու զինկոմիսարիատից,

1992թ. ծնված Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը՝ զորակոչված Գավառի զինկոմիսարիատից

1989թ. ծնված Կարեն Կամոյի Դավթյանը՝ զորակոչված «Նաիրի» զինկոմիսարիատից:

Սկզբում լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե երեք մահացածների թվում է 1981թ. ծնված, լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը: ՊՆ-ից մեզ տեղեկացրին, որ Նուրբեկյանը վիրավոր է:

Մյուս 5 վիրավորներն են.

1992թ. ծնված, ժամկետային զինծառայող Իգիթ Հովհաննիսյանը՝ զորակոչված Հրազդանի զինկոմիսարիատից,

1992թ. ծնված Սեդրակ Շահբազյանը՝ զորակոչված Շենգավիթի զինկոմիսարիատից,

1992թ. Արտակ Մնացականյանը՝ զորակոչված Տաշիրի զինկոմիսարիատից,

1992թ. ծնված Կորյուն Իրիցյանը՝ զորակոչված Էջմիածնի զինկոմիսարիատից,

1993թ. ծնված Մաքսիմ Մելքոնյանը՝ զորակոչված Գյումրու զինկոմիսարիատից։

Վիրավոր զինվորների առողջական վիճակի մասին մանրամասներ ՊՆ քննչական ծառայությունից չհաղորդեցին: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

ԼՂՀ մարտական դիրքերում զինվոր է մահացել

Հունիսի 1-ին՝ ժամը 8։20-ի սահմաններում, Հադրութի շրջանում տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքերում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը:

ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

19-ամյա Սարո Սամվելյանը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ՝ Գյումրու զինկոմիսարիատից: Նա Երևանի Եվրոպական համալսարանի տուրիզմի բաժնի ուսանող էր: