ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նիստը հետաձգվեց

Արտակ Նազարյանի մահվան գործով մայիսի 30-ի դատական նիստը չկայացավ, քանի որ չէր ներկայացել ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը:
Ամբաստանյալները միջնորդեցին դատը հետաձգել՝ մինչև պաշտպան Մնացականյանը ներկայանա: Դատավոր Սամվել Մարդանյանը նիստը կես ժամով հետաձգեց: Հետո պաշտպան Ա. Մնացականյանից դատարան հեռախոսագիր ստացվեց, որ մեքենա չլինելու պատճառով ինքը չի կարողացել ներկայանալ նիստին: Դատարանը նիստին նրա բացակայությունը համարեց անհարգելի:
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին խնդրեց գործով վկա Արթուր Մկրտչյանի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառել, քանի որ վերջինս նախորդ նիստին հայտարարել էր, որ վախենում է ճնշումներից: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանն առարկեցին՝ ասելով, որ նիստ չի կայանում, սակայն մեղադրողը դատարանում միջնորդություն է ներկայացնում:
Դատավոր Ս. Մարդանյանը դատը հետաձգեց մինչև հունիսի 5-ը:
Դատարանի միջանցքում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն իր կարծիքն արտահայտեց դատական գործի լուսաբանման վերաբերյալ՝ նշելով, որ լրագրողներն ավելի շատ ներկայացնում են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի տեսակետները:
Խոսակցություն ծավալվեց նաև վկաներին Ռազմական ոստիակությունում պահելու հանգամանքի շուրջ։ Հարություն Հարությունյանը որպես պաշտպանական միջոց դիտարկեց այն, որ վկա Արթուր Մկրտչյանի եղբայր Վարդան Մկրտչյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել։
Գործով ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի խոսքերով ՝ Վարդան Մկրտչյանին անազատության մեջ անհիմն պահել են, որպեսզի նրա եղբայրը հետագայում իր ցուցմունքներից չհրաժարվի կամ ճիշտ ցուցմունք չտա։ Նրա կարծիքով՝ հարցաքննված ժամկետային զինծառայողներն արհեստական վկաներ են, որոնցից ցուցմունքներ են կորզվել Ռազմական ոստիկանությունում։ Ըստ նրա՝ անազատության մեջ 9-21օր, երբեմն մինչև 30 օր պահելով, ամեն վկա օրական 2-3 անգամ հարցաքննվել է, սակայն գործի մեջ եղած ցուցմունքների մի մասն է պահպանվել, երբեմն վկաներից ցուցմունքներ են կորզվել բացահայտ շանտաժի հետևանքով:
Պաշտպան Գևորգյանի խոսքերով՝ բոլոր առանցքային վկաները Ռազմական ոստիկանության հսկողության տակ են եղել և մինչև այժմ այնտեղ են, վկաները դատարան են բերվում Ռազմական ոստիկանության կողմից: Հ. Գևորգյանի համոզմամբ՝ գործով մի շարք վկաների ցուցմունքները որպես ապացույց չի կարելի ճանաչել, քանի որ նախաքննության ընթացքում դրանք ձեռք են բերվել քննչական ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով, անազատության մեջ գտնվող վկաների հանդեպ հոգեբանական ճնշում գործադրելով: Պաշտպանի խոսքերով՝ սույն գործով խախտվել են ՀՀ սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ:
Ոսկան Սարգսյան
Իջևան
