Փաստաբաններն ընդդեմ դատավարական ապօրինությունների

Փաստաբանների պալատի 5 անդամներից կազմված հանձնախումբն առաջիկայում
հանրությանը կներկայացնի դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ
փաստաբանների կողմից իրականացվելիք գործողությունները:

Այս մասին www.hra.am –ին հայտնեց
փաստաբան Լուսինե Սահակյանը, ով հանձնախմբի անդամ է: Հանձնախմբում են ընդգրկված նաև
փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Գևորգ Գյոզալյանը, Հայկ Ալումյանը և Կարեն Մեժլումյանը:

Լ.Սահակյանը չմանրամասնեց, թե իրենց մտահոգող ո՞ր խնդիրներին
են անդրադառնալու: «Մենք այդ բոլոր խնդիրները և գործողությունները պետք է քննարկենք
մեր գործընկեր փաստաբանների հետ, մեկ հայտարարի գանք, որից հետո կներկայացնենք լրատվամիջոցներին»,-
մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը:

Նշենք, որ հանձնախումբ ձևավորելու որոշումը Փաստաբանների պալատը
կայացրել է մայիսի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, երբ փաստաբանները ներկայացրել
են իրենց կողմից վարած գործեր, որտեղ դատարանները թույլ են տվել ակնհայտ խախտումներ:

Նրանք պատրաստակամություն են հայտնել
պայքարել դատական համակարգի ապօրինությունների դեմ բողոքի տարբեր ակցիաների միջոցով՝
դիմելով նույնիսկ կտրուկ քայլերի:

Որպես մտահոգիչ խնդիր նշվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը
վարույթ չընդունելու և վերադարձնելու մասին որոշումների չպատճառաբանելը:

«Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ պետք է պատճառաբանված
լինի վերադարձման որոշումները: Վճռաբեկ դատարանի ոչ մի որոշում պատճառաբանված չէ: Ընդամենը
4 տող են գրում, որ չեն դիտարկել դատավարական նորմերի խախտում»,-
www.hra.am –ին ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:  

Նա իր փաստաբանական պրակտիկայից  բերում է մի գործի օրինակ. Ընդհանուր իրավասության
և Վերաքննիչ ատյանների դատարանները որոշում են կայացրել առանց գործում առկա ապացույցները
հետազոտելու: Սա համարելով դատավարական նորմերի ակնհայտ կոպիտ խախտում՝ փաստաբան Գյոզալյանը
վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել:

«Վերադարձման որոշման մեջ, որն ընդամենը 4 տող էր, դատարանն
այդ հարցին (ապացույցների չհետազոտման-Մ.Ա.) չէր էլ անդրադարձել: Բայց քանի որ վերադարձրել
է, դա, ըստ էության, դիրքորոշում է արտահայտում, որ դա այնպիսի դատավարական նորմի խախտում
չէ, որի համար արժե բողոքն ընդունել վարույթ: Այնինչ, դա այնպիսի մի խայտառակություն
է, որ Եվրադատարանը բազմաթիվ նախադեպային  որոշումներով
ասել է, որ եթե ապացույցները չեն հետազոտվում, ուրեմն այդ դատական ակտը երբեք չի կարող
լինել օրինական»,- ասում է Գյոզալյանը:

Հինգ փաստաբաններից կազմված հանձնախումբը
դեռ մշակում է դատավարական ապօրինությունների դեմ իրականացվելիք գործողությունների
պլանը. վերջնաժամկետ նշանակված չէ, բայց  փորձելու
են աշխատել հնարավորինս սեղմ ժամկետում: