ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վրաերթի հետևանքով զինվոր է մահացել
Մայիսի 24–ին՝ 15։15–ի
սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող,
շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանը. տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նույն զորամասի ժամկետային
զինծառայող, շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը տեխնիկական սպասարկման աշխատանքներ
կատարելուց հետո «Կռազ» մակնիշի զինհամարանիշով մեքենան կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի
ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին: Վերջինս հիվանդանոց
տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Խաչատուր Մելիքյանը
զորակոչվել էր Արաբկիրի զինկոմիսարիատից՝ 2010թ. առաջին զորակոչին և մոտ օրերս պետք է զորացրվեր։
ՊՆ քննչական վարչության
10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 377
հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը): Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ 377 հոդվածի 2-րդ
մասը սահմանում է. «Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն
անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը
հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ
զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
