ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խղճի և կրոնի ազատություն. քննարկում Կապանում
Կապանցի Էդգար Հայրապետյանն առաջարկում է օրենքով ամրագրել այնպիսի մի դրույթ, որ ծնողներին արգելվի երեխաներին այս կամ այն կրոնը քարոզել մինչև չափահաս դառնալը ու սահմանել պատասխանատվություն այդ դրույթը խախտելու համար։ Այս առաջարկի մասին Էդգարը բարձրաձայնեց մայիսի 15–ին Կապանում խղճի և կրոնի ազատության վերաբերյալ քննարկման ընթացքում։
«Պարզ գրած է օրենքներով, որ պետք չէ պայքարել այլ կրոնական կազմակերպությունների դեմ, բայց քրիստոնյա լինելով անկախ մեզնից ուզում ենք պայքարել: Դրա համար այսպիսի մի տարբերակ կա, թող մարդիկ դառնան չափահաս ու նոր ընտրելու իրավունք ունենան»,- ասում է ուսանող Էդգար Հայրապետյանը:
Կապանի երիտասարդները հիմնականում դեմ արտահայտվեցին այլ կրոնական կազմակերպություններին տրված այն իրավունքին, որ նրանք ազատորեն շրջում են մարդկանց տներով, չեն ուզում ծառայել հայկական բանակում, չեն թողնում արյան փոխներարկում իրականացնել անհրաժեշտության դեպքում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նախ անդրադարձավ այն հարցին, որ «աղանդ» բառ, որպես այդպիսին, գոյություն չունի ու այն Հայաստանում օգտագործում են երևույթին բացասական երանգ տալու համար:
«Բանակում չծառայելը իսկապես լուրջ խնդիր է, բայց Հայաստանում կան երկու տեսակի չծառայողներ՝ բանակից խուսափողներ ու հրաժարվողներ: Հրաժարվողները միայն Եհովայի վկաներն են՝ գժի թուղթ չեն տանում ու կաշառք չեն տալիս ու երեք տարուց ավելի ազատազրկվում են: 70 հոգով մնում են 20 քառակուսի մետր տարածքում»,- ասում է Իշխանյանը:
Իշխանյանն առաջարկում է աշխատել այլընտրանքային ծառայության հարցի իրավական կարգավորման ուղղությամբ, որը գործում է շատ քաղաքակիրթ երկրներում:
Ուսանող Ավետ Ավետիսյանն էլ նշեց, որ եթե չլինեին այլ կրոնները, հայ եկեղեցու դերը անիմաստ կդառնար, քանի որ չէր լինի մի կառույց, որի դեմ պետք է պայքարել:
Բանավեճին ներկա Կապանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանան նշեց, որ իրենք հարգում են մարդու իրավունքները, ինչպես նաև գիտակցում են ՀՀ սահմանադրությամբ եկեղեցուն տրված բացառիկ առաքելությունը:
«Աստված դրախտում ինքն իրեն դրսևորելու ազատություն տվեց մարդուն, բայց միևնույն ժամանակ սահմանեց կարգ, որ կարող է բոլոր ծառերից ճաշակել, բացի մեկից, և մարդն իր ազատ կամքով ճաշակեց դա: Դրանից հետո էլ մարդուն ազատ կամք տվեց՝ այժմ էլ մարդն ազատ է ընտրելու աստվածայինը, այս կամ այն կրոնական կազմակերպությունը, քաղաքական վիճակը, և այդ ազատությունը շատ լավ ու դրական է, որ գոյություն ունի մարդու մեջ: Այստեղ հարց կա, թե ինչպե՞ս ենք գիտակցում այդ ազատությունը, ընկալում ենք որպես ամենակարողություն, թե՝ այլ կերպ»,- համոզված է Տեր Շիրակը:
Մանկավարժ Արաքսյա Մովսիսյանն առաջարկեց կրթության ոլորտում մեծ տեղ հատկացնել առաքելական եկեղեցու մասին տեղեկությունների հաղորդման ծրագրերին:
Քննարկումը հնարավորություն տվեց մասնակիցներին փոխանակել իրենց կարծիքները և խնդրին նայել տարբեր դիտանկյուններից՝ ՀՀ սահմանադրության, մարդու իրավունքների և հանդուրժողականության համատեքստում։
Խղճի և կրոնի ազատության վերաբերյալ քննարկումը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի տարածքային զարգացման ծրագիրը՝ «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։
