ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազի կողմից ծեծի ենթարկված խմբագիրը պարզաբանում է

«Իրենց ռեակցիան ոչ ադեկվատ էր: Ենթադրում եմ, որ իրենք, մեղմ ասած, սթափ վիճակում չէին, որովհետև էդ սիտուացիայում նման ռեակցիա չպիտի լիներ, եթե տրամաբանորեն մտածես: Իսկ իրենք էդ պահին սթափ չէին տրամաբանում»,- «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանն այսպիսի բնորոշում տվեց իրեն ծեծի ենթարկող չորս անձանց:
www.hra.am –ի հետ զրույցում նա հաստատեց, որ միջադեպը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունք է և իր մասնագիտական գործունեության հետ կապ չունի:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի գիշերը՝ 23:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36-րդ շենքի բակում վիճաբանություն է ծագել Ռուբեն Գրդզելյանի և ՀՀ Կոտայքի մարզի դատախազության քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանի միջև:
Գրդզելյանը եղել է մոր, կնոջ, տղայի և զարմիկի հետ: Երեխաները մի փոքր առաջ են ընկել և մի պահ փակել են բակից դուրս եկող մեքենայի ճանապարհը, որին ճանապարհում էր դատախազ Մանրիկյանը:
«Մեքենան մի պահ կանգնեց, երեխաները մի կողմ քաշվեցին, մեքենան դուրս եկավ: Էդ ժամանակ Մանրիկյանը երեխաների հասցեին ասեց՝ «էս լակոտները մեր չունե՞ն, ո՞ւր ա սրանց մերը»: Մենք էդ պահին արդեն հավասարվել էինք իրանց, ասեցի՝ «ստեղ ա մերը, ի՞նչ ա պատահել», թե բա՝ «թուլեքիդ տիրություն արա՛», ասեցի՝ «կարա՞ք բացատրեք՝ ի՞նչ ա պատահել», ասեց՝ «արի՛ ասեմ» ու խփեց մի հատ: Ու կռիվը սկսեց: էդ մեքենան, որ բակից դուրս էր եկել, նկատեց, որ ինչ-որ բան ա կատարվում, կանգնեց, մեքենայից էդ երկուսը դուրս եկան ու հարձակվեցին վրաս»,- պատմեց Ռուբեն Գրդզելյանը` ավելացնելով, որ չի կարողանում հասկանալ, թե ի՞նչն է այդպես վրդովեցրել Մանրիկյանին:
Միջադեպից անմիջապես հետո Ռուբեն Գրդզելյանը դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին՝ հայտնելով, որ դաժանաբար ծեծվել է չորս անձանց կողմից, այնուհետև անցել է բժշկական հետազոտություն:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը նախապատրաստված նյութերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
ՀՔԾ–ից www.hra.am –ին փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ դեռ քրեական գործ չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվում. բացատրություններ տալու համար ՀՔԾ են հրավիրվել միջադեպի մասնակիցները:
Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել են ինչպես Ռուբեն Գրդզելյանի, այնպես էլ դատախազության աշխատակից Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ: Ոստիկանությանը հանձնարարվել է պարզել դեպքի ականատեսներին ու հնարավոր այլ մասնակիցներին:
Գրդզելյանը Հատուկ քննչական ծառայությունում բացատրություններ դեռ չի տվել: Իսկ իր առողջական վիճակի մասին ասաց, որ «կամաց-կամաց ուշքի է գալիս», սակայն դեռ աշխատանքի չի գնում:
