ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացադուլ՝ անօրինական ընտրությունների խնդրով

Երևան քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն մայիսի 11–ին այցելել է Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի առջև արդեն 8 օր հացադուլի նստած Արտավազդ Վարդանյանին, համոզել
է նրան դադարեցնել հացադուլը: Հետո, ինչպես Վարդանյանն է պատմում, ասել է՝ երկրորդ
աթոռն անօրինական է դրված ու հրամայել է ոստիկաններին, որ այն հեռացնեն տարածքից:
ՀՀ քաղաքացի Արտավազդ Վարդանյանն արդեն 8 օր է հացադուլի է նստած ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի առջև՝ ցանկանալով բարձրացնել անօրինական ընտրությունների խնդիրն
ու առաջարկելով ընտրությունների անցկացման այլընտրանքային տարբերակ մտածել:
Վարդանյանն ապրում է Մուսալեռ գյուղում՝ ծնողների հետ, զբաղվում է հողագործությամբ:
Քաղաքականությամբ ևս չի զբաղվում, բայց չի կարող անտարբեր անցնել անարդար ընտրությունների
կողքով, դրա համար էլ այս ձևով քաղաքացիական դիրքորոշում է արտահայտում:
«Ես անձնական խնդիրների համար չեմ եկել այստեղ, այս ամբիոնում բարձրաձայնում եմ
անարդար ընտրությունների մասին: Որ մարդը գնում է խաղատուն, ասում է այս անգամ չստացվեց,
լավ, մյուս անգամ ստացվելու է ու մեր ժողովրդին այդ իրավիճակում են դրել: Բայց բնական
է, որ միշտ խաղատան տերն է հաղթում»,- www.hra.am –ին ասում է Վարդանյանը:
Վարդանյանին չեն թողնում վրան տեղադրել. փոխոստիկանապետն ասել է, թե միգուցե ինքը
կուզենա քայլել այն հատվածում, որտեղ վրան է տեղադրված:
Վարդանյանին այցելել է նաև մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Քաղաքացի Վարդանյանը դիմել է քաղաքապետարան իրեն վրան կամ հովանոց տրամադրելու
խնդրանքով: Այժմ փորձում ենք ճշտել քաղաքապետարանի կայացրած որոշումը կապված Ա. Վարդանյանի
գործի հետ, որից հետո Պաշտպանը կկայացնի իր վերջնական որոշումը»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ aravot.am-ի
