ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ալ. Իսկանդարյան. ընդդիմադիր բողոքները ԱԺ–ում հնչելու հնարավորություն կունենան
«Նախորդ Ազգային ժողովում հնչում էր միայն մեկ կուսակցության՝ «Ժառանգության» ձայնը, իսկ Հայ ազգային կոնգրեսը նույն բողոքը արտահայտում էր դրսում, քանի որ, եթե քաղաքականությունը չեն թողնում քաղաքականության մեջ մտնի, այն հնչում է դրսում»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասյան ինստիտուտի ղեկավարը:
Այսինքն՝ այս տարի Ազգային ժողովը շատ ավելի հետաքրքիր տեսք է ստացել քաղաքագետների համար, քանի որ հայտնվել են երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ ու իրավիճակն ավելի կարող է հետաքրքիր դառնալ, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանության հետ կոալիցիա չկազմի:
«Ինձ այժմ ամենաշատը հետաքրքրում է այն հարցը, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմիանա՞ արդյոք իշխող կուսակցությանը, թե՝ ոչ: Միայն հստակ է, որ ՕԵԿ-ն անպայման կհամագործակցի ՀՀԿ-ի հետ»,- նշում է Իսկանդարյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների փոփոխությունը կազդի նրանց դիրքորոշումների վրա Ազգային ժողովում, Իսկանդարյանը նշեց, որ «Ժառանգությունը» ինչ դեր խաղացել է, կշարունակի խաղալ.
«Ուղղակի կսկսի արդեն մրցակցություն ՀԱԿ-ի հետ»,- կարծում է Իսկանդարյանը:
Չնայած նրան որ ՀԱԿ-ն արդեն հայտարել է չորսօրյա հանրահավաքների մասին, Իսկանդարյանը չի կարծում, որ կլինեն լուրջ բախումներ այս ընտրություններից հետո, ինչպես եղավ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե բախում լիներ, կլիներ ընտրությունների հաջորդ օրը:
«Այս տարվա ներկայացուցիչներն ավելի շատ կպաշտպանեն իրենց կուսակցության իրավուքնները, ոչ թե սեփական բիզնեսի իրավունքները, նախորդ տարի սեփական բիզնեսը պաշտպանողներն ավելի շատ են եղել»,- ասում է Իսկանդարյանը:
Չնայած նրան, որ լրագրողների աշխատանքը ողջունվեց միջազգային կազմակերպությունների կողմից, Իսկանդարյանը ընտրությունների ավարտին էլ արձանագրում է, որ լրագրողներն այդպես էլ չեն հնչեցրել «ինչպե՞ս» հարցը՝ թույլ տալով թեկնածուներին խուսափել լուրջ հարցերի պատասխանելուց:
