«Անընդհատ հայտնվում են ընտրողներ, որոնք պատճառաբանում են, թե տեսողական խնդիրներ ունեն»

Շենգավիթի 12/10 ընտրատեղամասում թեեւ կուտակումներ չեն լինում, սակայն Անահիտ Բախշյանի վստահված անձ Կարինե Բագյանի խոսքերով՝ նկատել է հետեւյալ ընտրախախտումը. «Քվեախցիկում միանգամից 3 մարդ էր հավաքվել՝ դուստրը՝ ծնողների հետ, ծնողները պատճառաբանել են, թե տեսողական խնդիրներ ունեն, իսկ աղջիկը օգնում է իրենց, մինչդեռ օրենքը թույլ չի տալիս, որ մեկ անձը օգնի երկուսին: Այդ առնչությամբ պայքարի շնորհիվ կազմել ենք արձանագրություն»:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Շահբազյանը արձանագրության վերաբերյալ ասել է, որ դա ոչ թե խախտում կարելի է համարել, այլ վրիպակ, քանի որ աղջիկը պարզապես չգիտեր, որ չի կարելի երկու հոգու օգնել. «Ուստի թերթիկներից մեկը մարեցի, որպեսզի ճանաչվի անվավեր»:

Անահիտ Բախշյանի վստահված անձի խոսքերով՝ «Անընդհատ հայտնվում են ընտրողներ, որոնք պատճառաբանում են, թե տեսողական խնդիրներ ունեն եւ խնդրում, որպեսզի ինչ-որ մեկն օգնի իրենց: Հանձնաժողովի նախագահն էլ հերթում կանգնածներից ընտրում է հանրապետականամետ «օգնողներին»: 

Նելլի Բաբայան  


aravot.am

«Ընտրություններ 2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ aravot.am-ի։