Ընտրությունները թիվ 9 ընտրատարածքում

Թիվ 9/34 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մանուշակ Ոսկանյանն ասում է, որ 6:30-ից գտնվում են ընտրատեղամասում, ժամը 8-ին բացվել է ընտրատեղամասը, իսկ արդեն ժամը 8:02-ին առաջին ընտրողը կատարել էր ընտրությունը: 

«Ընտրատեղամասում ընտրելու է 1960 մարդ: Ամեն ինչ նորմալ է, կարծում եմ` ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է հանձնաժողովի նախագահը:

Թիվ 9/32 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Մարգո Առաքելյանն ասում է, որ թեև ամեն ինչ նորմալ է, սակայն անհանգստացած է, քանի որ մեծ կնիքն օգտագործված է եղել (ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների ժամանակ օգտագործվող բոլոր կնիքները պետք է չօգտագործված լինեն):

«Կնիքը թանաքոտ էր, սակայն հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ դա նորմալ է: Մնացած ամեն բան շատ լավ է, դեռ որևէ բան չեմ նկատել, կարծում եմ` նորմալ է ընթանում»,- ասում է Առաքելյանը:

Սակայն թիվ 9/33 ընտրատեղամասում (1313 ընտրող, ևս 3-ն էլ քվեարկելու են ըստ բնակության վայրի) Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Գրիզելդա Ղազարյանը բողոքում է, որ «Ժառանգություն» կուսակցությունից որևէ ներկայացուցիչ չկա ընտրատեղամասում:

Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս բացատրել է, որ իրենք կորցրել են իրենց տեղերը տեխնիկական սխալի պատճառով, և վստահված անձի տեղն անցել է Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցչին:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նշան Փափազյանը իրավիճակը բացատրում է նրանով, որ «այլ ընդդիմադիր կուսակցություններից ներկայացուցիչ չկար»:

Գոհար Աբրահամյան


Armenianow.com


«Ընտրություններ 2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ 
Armenianow.com կայքի։