ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երթուղային տաքսիով ընտրողներ բերեցին
Կենտրոն համայնքի 9-րդ ընտրատեղամասում գրանցվել է երկու դեպք, երբ անձնագրի վերջին էջում դրված կնիքը ցնդում է: Այդ ընտրատեղամասում քվեարկող փաստաբան Ամալյա Ավագյանը հայտնում է, որ մեկ անգամ կնիք են դրել, որը տեղում վերացել է, այն դեպքում, երբ օրենքով կնիքը պետք է պահպանվի 12 ժամ և նոր վերանա:
«Ես ասացի, որ չի երևում, նրանք մի անգամ էլ կնիք դրեցին, բայց այն գրեթե ցնդում է»,-հայտնում է Ավագյանը www.hra.am-ին:

Կենտրոն համայնքի թիվ 9/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գալուստ Սարգսյանը հայտնեց, որ իրենք չգիտեն նման դեպքեր ու խորհուրդ տվեց դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առիթով մեկնաբանել է, որ կնքի թանաքանյութը նոր է եղել, և պետք էր այն թափահարել։
Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում:
Նշենք, որ նույն ընտրատեղամասում երթուղային տաքսիով մոտ 10 քաղաքացիների են բերել քվեարկության:
