ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քվեախցիկում 2 անձի ներկայություն

Արաբկիր համայնքի թիվ 4/15 տեղամասում, որը տեղակայված է Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, ընտրողների հերթեր են կուտակվել տեղամասից դուրս: Այս տեղամասում գրանցվել է 1967 ընտրող` ավելացրած 6-ը` լրացուցիչ ցուցակով:
Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է քվեախցիկում 2 անձի ներկայություն եւ լսել է, թե ինչպես է քվեարկող քաղաքացուն «աջակցող» կինը հնչեցնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը:
Հանձնաժողովի անդամները այդ փաստին որեւէ ուշադրություն չեն դարձրել եւ միայն մեր թղթակցի դիտարկումից հետո հանձնաժողովի նախագահը մոտեցել եւ հետաքրքրվել է` ինչու են քվեախցիկում 2 հոգի:
Հանձնաժողովի անդամներն ասել են, թե ընտրողն օգնության կարիք ունի: Ի դեպ, ընտրողը քվեարկությանը մանակցում էր 9-րդ ձեւով: Մի դիտարկում էլ, դիտորդները ակտիվորեն միջամտում էին մեր աշխատանքին, փորձելով արդարացնել արձանագրված փաստը:
Քվեարկությունից հետո փորձեցինք պարզել, թե արդյոք նա տեսողության կամ տեղաշարժման խնդիր ուներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել եւ ասել , որ ինքն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին եւ իրեն պարզապես հուշել են` ինչպես պետք է քվեարկի:
Փաստաբան Լիդա Հակոբյանն այս փաստը համարում է ընտրական իրավունքի կոպիտ խախտում: Փաստաբանի խոսքով` եթե անգամ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող քաղաքացին օգնության կարիք ունի, նա պարտավոր է դիմել հանձնաժողվի նախագահին: Օգնության կարիք ունեցող քաղաքացուն կարող է աջակցել կողմնակի անձը, որը սակայն քվեաթերթիկը լրացնելու պահին չի կարող գտնվել քվեախցում:
Փաստաբանը նշեց, որ օրենքը պահանջում է նաեւ, որ քաղաքացուն օգնություն ցուցաբերած անձի տվյալները գրանցվեն քաղաքացուն օգնություն ցուցաբերած անձի գրանցամատյանում, ինչը չի արվել: Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Սերոբ Ստեփանյանն իրավիճակը մեկնաբանել է ՝ որ ինքը զբաղված է եղել եւ տեղյակ չի եղել, որ քաղաքացիները 2-ով են մտել քվեախցիկ: Իսկ թե ինչու չի փաստը գրանցվել գրանցամատյանում, Սերոբ Ստեփանյանը պարզաբանել է. «Քաղաքացին տեսողության խնդիր ուներ, եւ տվյալ օգնող մարդը դուրս եկավ, եւ մենք չհասցրեցինք գրանցել»:
Նկատենք, որ քաղաքացին մեզ ասել էր , որ տեսողության խնդիր չունի: Ի դեպ, այս տեղամասում կուտակումներ էին առաջացել եւ սա միակ դեպքը չէր , երբ քաղաքացիներն աջակցության կարիք էին խնդրում:
Մարիաննա Ղահրամանյան
Henaran.am
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ henaran.am-ի։
